Ադրբեջանը Շվեյցարիային մեղադրում է «ռասիզմի» և «սեգրեգացիայի» մեջ

Բաքուն հայտարարում է, որ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի՝ Երևանում արած հայտարարությունները «հակասում են Շվեյցարիայի չեզոք քաղաքականությանը, հարված հասցնում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին»։

Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում դը Բյումանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պատկերացնում է բանակցությունների ճանապարհով՝ հիմնված ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես մյուս ժողովուրդները: Խնդրի լուծումը հարկավոր է պատկերացնել բանակցությունների միջոցով, որոնց հիմքում կլինեն ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիաներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Դոմինիկ դը Բյումանը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ շվեյցարացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը «սեգրեգացիայի և ռասիզմին աջակցության դրսևորում է»։

Ադրբեջանը հիշեցրել է դը Բյումանի՝ 2012-ի այցը Արցախ, որը, պաշտոնական Բաքվի վարկածով, «խախտում է իր ինքնիշխանությունը»։

Երևանյան ասուլիսի ժամանակ դե Բյումանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասելով, որ ցավում է 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չիրագործման համար։