Վրաստանը անողոք պայքար է հայտարարում «օրենքով գողերի» դեմ

Վրաստանի կառավարությունը անողոք պայքար է հայտարարել «օրենքով գողերի» և գողական մտածելակերպ կրողների դեմ․ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել օրենսդրական փոփոխություններ, որոնք առաջարկում են խստացնել պայքարը «օրենքով գողերի» դեմ։ Գործող օրենսդրությամբ «օրենքով գողը» ազատազրկվում է 7-10 տարով, փոփոխություններով առաջարկվում է սահմանել 9-15 տարվա ազատազրկում, բացի այդ, գողական համայնքի մաս կազմելը պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ, նոր խմբագրությամբ՝ 7-10 տարվա։ 

«Պատժվելու է նաև «օրենքով գողին» դիմելը, ինչը շատ կարևոր է․․․ Ուզում եմ նշել և վստահեցնել մեր բնակչությանը, որ Վրաստանում գողական մտածելակերպը երբեք չի ամրապնդվի։ Դա բացառվում է, և այդ ուղղությամբ մենք լինելու ենք հետևողական և անողոք, քանի որ դա վերաբերում է մեր համաքաղաքացիների հանգստությանը, հանդարտ կյանքին և ապագայի կառուցմանը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։

«Անդամակցություն գողական համայնքին, օրենքով գող» հոդվածը Վրաստանի Քրեական օրենսգրքում ամրագրվել է 2005թ․ այն բանից հետո, երբ 2003թ․ իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը։ Նա փաստացի պատերազմ հայտարարեց կազմակերպված հանցավորությանը։

«Օրենքով գողերի» թվով Վրաստանը խորհրդային հանրապետությունների շարքում առաջատար էր։ 2017թ․ մայիսի դրությամբ, ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, գրանցվել էր վրացական ծագմամբ 325 «օրենքով գող», որոնց մեծ մասը գտնվում է հետխորհրդային տարածքում կամ Եվրամիության երկրներում։

«Օրենքով գողերը» առանձնահատուկ հանցավոր կառույց է, որը բնորոշ է նախկին ԽՍՀՄ պետություններին։ «Օրենքով գողերը» բարձրագույն դիրք ունեն հանցավոր աշխարհի հիերարքիայում և կարող են այդ կարգավիճակն ստանալ «թագադրման» հատուկ արարողության ժամանակ՝ մի քանի գործող գողերի առաջարկով։ Իրենց վարքագծում «օրենքով գողերը» ավանդաբար առաջնորդվում են այսպես կոչված «հասկացություններով»՝ կանոնների ամբողջությամբ, որոնց խախտումը կարող է հանգեցնել կարգավիճակի կորստի։