Երեկ Բաքվում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ հաղորդագրության՝ այցի շրջանակում՝ Կրակովում համանախագահների հնչեցրած կարծիքների հիման վրա, «անցկացվել են կոնկրետ բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ինտենսիվ բանակցությունները Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավարը։
Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում բանակցություններ են վարում Ադրբեջանի ղեկավարների հետ, այսօր տեղեկություն ստացվեց, որ փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
***
Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Ալիևի որոշման դրդապատճառներին անդրադարձել է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը՝ զրուցելով հայաստանյան և ադրբեջանական աղբյուրների հետ։ Որոշ վերլուծաբաններ հակված են մտածելու, որ ընտրությունները հոկտեմբերից տեղափոխելով ապրիլ՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են դրանք «մոտեցնել» Հայաստանում վարչապետի և նախագահի ընտրությանը։
Արդյոք Իլհամ Ալիևի որոշումը կապ ունի՞ Ղարաբաղյան կարգավորման հետ։ Թեման քննարկվել է ՍիվիլՆեթի տաղավարում։
***