Բանակից խուսափող հայ ֆուտբոլիստի և Արմեն Աշոտյանի տարբերությունը

Երեկ գրվեց և սոցիալական ցանցերում քննարկվեց Երևանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Հովիկ Ներսեսյանի հետ կապված իրավիճակը։

23-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս անգլիական «Վիտչարչ Ալփորթ» ակումբում, երկու տարի առաջ տեղափոխվել է Անգլիա և չի ցանկանում վերադառնալ հայրենիք, որպեսզի խուսափի հայկական բանակում ծառայելուց։

«Իմ երկրում փնտրում են ինձ: Եթե ես վերադառնամ, ինձ կբանտարկեն, որից հետո պետք է ծառայեմ ու կյանքս վտանգի ենթարկեմ: Հայաստանում ոչ ոք չի հետաքրքրվում քեզնով: Կառավարությունը բոլորին բանակ է ուղարկում: Հայ-ադրբեջանական վատ հարաբերությունների պատճառով հայ զինվորներ են մահանում: Այստեղ ես ինձ անվտանգ եմ զգում և ինձ դուր է գալիս այստեղ ապրելը»,- ասել է Ներսեսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզապանել է իրավիճակը․ «Հովիկ Ներսեսյանը մինչև 2015-ը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա՝ երիտասարդական հավաքականներում: 2015-ի ձմեռային զորակոչից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն․ համաձայն ընդունված կարգի այդ ֆուտբոլիստները իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երևանում: Ցուցակում ընդգրկված է եղել նաև Ներսեսյանը: Սակայն վերջինս հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015-ի աշնանը Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով, տարկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից և 2016-ին մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից: Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից. կարծում եմ նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է և ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառնների հետ»:

Հովիկ Ներսեսյանին, անշուշտ, կարելի է քննդատել ու դատապարտել, ինչպես անում էին սոցիալական ցանցերի օգտատերերը՝ նրան անվանելով «դասալիք», «անհայրենիք», «դուրսպրծուկ» և ավելի վիրավորական բառերով։

Բայց այս պատմության մեջ ինձ երկու այլ բան է հետաքրքրում։

Առաջին․ եթե ճիշտ է Ռուբեն Հայրապետյանի խոսքը, ապա պետք է հետաքննություն սկսել և գուցե քրեական գործ հարուցել ՀՀ պաշտպանության նախարարության բժշկական հանձնաժողովի կամ այդ հանձնաժողովի անդամների նկատմամբ, ովքեր տարկետման իրավունք են տվել երիտասարդ ֆուտբոլիստին, որն էլ կարողացել է հեռանալ Հայաստանից։

Երկրորդ․ ի՞նչ տարբերություն կա հայկական բանակից խուսափող հայ ֆուտբոլիստի և հայկական բանակից խուսափած և Սերժ Սարգսյանի փառաբանությամբ զբաղվող ՀՀԿ-ական պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Կարեն Ավագյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու դասալիք մյուս հանրապետականների միջև։

Ավելին, եթե հայ ֆուտբոլիստը խոստովանում է, որ վախենում է բանակից, քանի որ չի ցանկանում զոհվել ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից (այլ հարց՝ ինչքանով է սա տղամարդուն վայել ու նաև՝ բարոյական), ապա Աշոտյանը, Շարմազանովը, Մարգարյանը և մյուսները իրենց բանակում չծառայելը արդարացնում են շատ ավելի էժանագին ու հեքիաթային բացատրություններով։

Ասացե՛ք, բարեկամներ, ինչո՞ւ ենք վիրավորում Հայկական բանակից խուսափող հայ ֆուտբոլիստին, բայց ձայն չենք հանում, երբ Հայկական բանակում չեն ծառայել իշխանական վերնախավի ներկայացուցիչներն ու նրանց որդիները։

Ինչո՞ւ ձայն չենք հանում, որ Հայկական բանակում չեն ծառայել Հայաստանի 4-րդ նախագահ (ամենայն հավանականությամբ) Արմեն Սարգսյանի որդիները։

Եվ վերջում․ եթե Հովիկ Ներսեսյանը դառնա նշանավոր ֆուտբոլիստ, ես, որպես շարքային ֆուտբոլասեր, երկրպագելու եմ նրան ու կոկորդով գոռալու եմ, երբ նա գոլ խփի կան գոլային փոխանցում կատարի, ինչպես դա անում եմ Հենրիխ Մխիթարյանի համար։

Եթե ես ամաչում եմ մի բանի համար, ապա առաջինն այն է, որ Սերժ Սարգսյանի գովքն անող ու նրան փառաբաղնող ՀՀԿ-ականները՝ Աշոտյանը և մյուսները, չեն ծառայել հանուն հայրենիքի՝ չեն ծառայել հայկական բանակում։

Ես ամաչում եմ նաև, որ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության տասը տարիներին պանդխտության ճամփան են բռնել 380 հազար հայեր։ Այսպիսով Հայկական բանակում ծառայելու հնարավորությունից դուք զրկել եք հազարավոր հայ երիտասարդների։

Մեկնաբանել