Այսօր Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մարտին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկի տեքստը։
Թերթիկի վերին մասում պարզաբանվում է դրա լրացման կարգը։
Միջին մասում գրված են ութ թեկնածուների անունները՝ այբբենական կարգով, անունների դիմաց՝ ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, զբաղեցրած պաշտոնը և առաջադրման սուբյեկտը (կուսակցությունից կամ ինքնաառաջադրվող)։
Ռուսաստանցի ընդդիմադիրներն ու օգտատերերը միանգամից ուշադրություն են հրավիրել քվեաթերթիկի տեքստի կառուցվածքին և այն փաստին, որ Վլադիմիր Պուտինի անվան առաջ տեքստը շատ կարճ է և շահեկանորեն աչքի է ընկնում (Պուտինի տողը վերևից չորրորդն է – ՍիվիլՆեթ)։
Ընդդիմադիր գործիչ, «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին քվեաթերթիկն անվանել է «քաղաքական տպագրության գլուխգործոց»։
«Տեսեք, թե ինչպես է կազմակերպված թղթի տարածությունը, ինչպես է աչքը շեղում մյուս թեկնածուների անունների առաջ գրված մանր տեքստը և ինչպես է աչքի զարնում միջին տողը »,- Ֆեյսբուքում գրառում է արել Խոդորկովսկին, որը դեկտեմբերին Պուտինի հերթական առաջադրումից հետո գրել էր, որ նա «բռնել է ծիծաղի առարկա դառնալու ճանապարհը»։
Մեկ այլ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, գրել է, որ անգամ քվեաթերթիկի արտաքին տեսքը «ևս մեկ պատճառ է ընտրություններին չգնալու»։
Ռուսաստանի ԿԸՀ-ն գրանցել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի, գործարարների օմբուդսմեն, Զարգացման կուսակցության ղեկավար Բորիս Տիտովի, Ռուսաստանի համաժողովրդական կուսակցության ղեկավար Սերգեյ Բաբուրինի, «Յաբլոկո» ազատական կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկու, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու և Կոմունիստական կուսակցությունից առաջադրված Պավել Գրուդինինի թեկնածությունները:
ՌԴ նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին։