Դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջում է 11 տարվա ազատազրկում

Փետրվարի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրող դատախազը միջնորդեց ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Ըստ դատախազ Հակոբ Ենոքյանի՝ դատաքննության արդյունքում հիմնավորվել է նրան առաջադրված բոլոր մեղադրանքները։ Նա մանրամասնեց, որ Սեֆիլյանը մտադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ իրականացնել՝ դիմադրելով իրավապահներին, ինչի համար հավաքել է մետաղյա շուրջ չորս տասնյակ ձող։

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014-ից սկսել է նախապատրաստել զինված հարձակումներ, իսկ 2015թ․ նոյեմբերից մինչև 2016թ․ մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝ նպատակ ունենալով ռազմավարական նշանակության շինություններ զավթել, սակայն մտադրույթունները ավարտին չի հասցրել։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Սաֆարյանին, ըստ մեղադրողի՝ նա պետք է 4,6 տարվա ազատազրկման դատապարտվի։ Հակոբ Ենոքյանն անգամ միջնորդեց, որ Սաֆարյանի պատժի չափը հաշվեն 2017-ի դեկտեմբերից, մինչդեռ Սաֆարյանը «տոնածառի գործով» երկու տարվա պատիժն արդեն կրել է։ Դատախազը ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջում է չորսուկես տարվա ազատազրկում, Գալուստ Գրիգորյանի, Հրայր Թոփչյանի համար՝ երեք տարվա, Ներսես Պողոսյանի համար՝ չորս տարվա, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար՝ երկու տարվա ազատազրկում։

Հովհաննես Պետրոսյանը, ըստ մեղադրողի, համագործակցել է իրավապահների հետ, ինչը նա որակեց որպես մեղմացուցիչ հանգամանք։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել