Արմեն Սարգսյանը բրիտանական քաղաքացիությունից հրաժարվել է 2011-ին

Արմեն Սարգսյանը 2000-ին դիմել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիության համար և 2002-ին ստացել է, իսկ 2011-ին հրաժարվել է այդ քաղաքացիությունից։ Այս մասին այսօր նա ասաց լրագրողներին՝ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո։

Արմեն Սարգսյանը, որին ՀՀ նախագահի համար պատրաստվում է առաջադրել ՀՀԿ-ն, մեկնաբանեց նաև «Հետք»-ի հրապարակումը իր ձեռնարկատիրական գործունեության մասին։

Փետրվարի 8-ին Հետք պարբերականը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Արմեն Սարգսյանը բրիտանական Companies house ռեգիստորւմ գրանցված է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի, և այլ երկրի քաղաքացիությունը խոչընդոտ կարող է հանդիսանալ ՀՀ նախագահ դառնալու ճանապարհին։

«Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ, ինչ-որ տեղեր գրանցված է, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ։ 2011-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելուց Financial Times-ում հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, ու այդ բոլոր տեղերում նշվել է որպես Արմեն Սարգսյան»,- ասաց նա։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել