Օսման Քավալան ուղերձ է հղել բանտից

Թուրք իրավապաշտպան և հանրային գործիչ Օսման Քավալան ուղերձ է հղել բանտից, որը հրապարակվել է նրա կայքում և թվիթերյան էջում։ Փետրվարի 9-ով թվագրված նամակում նա գրում է․

«Արդեն ավելի քան 100 օր է, ինչ ինձ բերել են Սիլիվրիի բանտ։ Ես փորձում եմ հարմարվել այս իրավիճակին՝ հաշվի առնելով տևողության անորոշությունը։ Չափազանց տխուր եմ այն փաստից, որ շատ լրագրողներ ու հեղինակներ կան, որ այստեղ գտնվում են ինձնից ավելի երկար ժամանակ։

Բայց նաև շատ ուրախ եմ, որ «Անադոլու Կուլտուրը», DSM-ը և Depo-ն՝ իմ հիմնադրած կազմակերպությունները, անխոչընդոտ շարունակում են իրենց աշխատանքը։

Չնայած անբարենպաստ բոլոր պայմաններին՝ ես կարծում եմ, որ եվրոպական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը առաջնահերթ նշանակություն ունի։ Ես համարում եմ, որ այս հարաբերությունները կրկին կամրապնդվեն, երբ արտակարգ իրավիճակից բխող բացասական միջավայրը փոխվի։

Միաժամանակ, ես իմ ժամանակը ծախսում եմ՝ մտորելով առաջիկայի մասին։ Ուղերձները, որ ես ստանում եմ դրսի ընկերներից, ինձ շատ ուրախացնում են։

Բոլորին հղում եմ հարգանքներս»։

Օսման Քավալան ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում 2017թ․ հոկտեմբերի 18-ին՝ «գաղտնի հետաքննության» շրջանակում։ Օսման Քավալային կասկածում են 2016թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեջ, որը, թուրքական իշխանությունների վարկածով, կազմակերպել էր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Քավալային մեղադրում են հեղաշրջման փորձի «կազմակերպիչներից մեկի» հետ սերտ կապեր ունենալու մեջ։ Բացի այդ, Քավալան մեղադրվում է 2013թ․ Գեզիի բողոքի ակցիաների կազմակերպման մեջ։