Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ

Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Արցախում է։ Փետրվարի 9-ին Ստեփանակերտում նրան ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրագրողների հետ զրույցում, ինչպես փոխանցում է «Արցախպրեսը», Արմեն Սարգսյանն ասել է, որ այցը շատ կարևոր էր, քանի որ անմիջապես նախագահից է տեղեկացել վերջին տարիներին Արցախի կյանքում արձանագրված հաջողությունների, տնտեսության զարգացման և առկա խնդիրների մասին:

«Նախագահի հետ հնարավորություն ունեցա երկար զրուցելու և ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ցանկանում եմ շեշտել, որ բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու, և, որպես ազատ քաղաքացի, շրջագայելու, բայց այս այցը որակապես այլ բնույթ ուներ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Արցախի ղեկավարների հետ հանդիպումներից բացի, Արմեն Սարգսյանն այցելելու է կրթօջախներ։

Նա նշել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է: Եվ ՀՀ նախագահի պաշտոնի հնարավոր ստանձնման դեպքում՝ նա հիմնական առաջնահերթություններից է համարելու կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը:

Մեկնաբանել