Ռուսաստանի արտաքին քաղաքականության վայրիվերումները 2018-ի մեկնարկին

«Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի կայքում հրապարակվել է կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինի հոդվածը, որում հեղինակը վերլուծում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը 2018-ի մեկնարկին։

Անցյալ տարի Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենահիշարժան զարգացումների թվում էին բեկումը Մերձավոր Արևելքում, առճակատման հետագա խորացումը Միացյալ Նահանգների հետ, շարունակվող օտարումը Եվրոպայից և տակտիկական առաջընթացն Ասիայում: Ռուսաստանը զգալիորեն ընդլայնել է իր արտաքին քաղաքականության զինանոցը, սակայն երկրի արտաքին քաղաքական հավակնությունների և տնտեսության սահմանափակ հնարավորությունների միջև դեռևս առկա է սուր հակադրություն:

2017 -ը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար ինչպես մեծ հաջողությունների, այնպես էլ հիասթափությունների տարի էր: Սիրիայում ռազմական գործողությունների հիմնական փուլի ավարտը այդ հաջողությունների թվում է: Ռուսաստանը ոչ միայն հասավ իր անմիջական նպատակներին՝ Բաշար Ասադի ռեժիմին իշխանության պահելն ու այդպիսով սիրիական պետության իրավական ամբողջականությունն ապահովելը, ինչպես նաև Ռուսաստանում ահաբեկչական համարվող և արգելված «Իսլամական պետության» ուժերին պարտության մատնելը։ Այն նաև հասավ Ռուսաստանը կրկին Մերձավոր Արևելքում ազդեցիկ խաղացող դարձնելու իր միջանկյալ նպատակին, ինչպեսև ամբողջ սիրիական գործողության վերջնական նպատակին՝ հաստատել Ռուսաստանի դերը որպես խոշոր գլոբալ խաղացող։

Մյուս կողմից, Արևմուտքի հետ հարաբերությունները հիասթափությունից բացի՝ ոչինչ չբերեցին։ Հույսերը, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Ռուսաստանի հետ առճակատումը, ոչ միայն ի դերև ելան, այլև փոխարինվեցին ռուս-ամերիկյան ապագայի վերաբերյալ ավելի մռայլ կանխատեսումներով:

ԱՄՆ արդարադատության նախարարության հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը, որը փորձում է բացահայտել Թրամփի և նրա թիմի գործողություններում դավաճանության վկայությունը, ԱՄՆ-ում ստեղծել է հոգեբանական մթնոլորտ, որտեղ Կոնգրեսը շարունակում է ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ որպես հատուցում ԱՄՆ ընտրություններում Կրեմլի միջամտության, իսկ լրատվամիջոցները Ռուսաստանին ներկայացնում են որպես Միացյալ Նահանգների ավելի մեծ թշնամի, քան Խորհրդային Միությունը:

2018թ. հունվարի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց ռուսական պաշտոնյաների և բիզնեսի ներկայացուցիչների երկար ցանկ, որոնք սերտ կապեր ունեն Կրեմլի հետ: Չնայած ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների մասին հայտարարություններ չեն արվել, երկու հարյուր հարյուր ռուսաստանցիներին այս «մատնացույց-ամոթանքը» Արևմուտքում էլ ավելի ամրապնդեց Ռուսաստանի հեղինակությունը որպես «թունավոր» երկիր: Այս պայմաններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թրամփի հետ հարաբերություններ կառուցելու ջանքերը կարող են շատ համեստ արդյունք տալ:

Եվրոպան ևս հիասթափեցրեց Ռուսաստանին: Ֆրանսիայում 2017 թ. մայիսին կայացած նախագահական ընտրությունների հաղթողը ոչ թե Մոսկվայի ֆավորիտ Ֆրանսուա Ֆիյոնն էր, այլ Էմանուել Մակրոնը, որը զգալիորեն կոշտ է Ռուսաստանի հանդեպ: Հույսերը, որ Փարիզը սկիզբ կդնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման և այնուհետև վերացման գործընթացին, հօդս ցնդեցին, և Մակրոնի օրոք Ֆրանսիայի արտաքին քաղաքականության դինամիկան հավանաբար Մոսկվային և Փարիզին ավելի կհեռացնի, քան կսերտացնի։

Նման միտում վերջին մի քանի տարիների ընթացքում զարգանում է նաև ռուս-գերմանական հարաբերություններում, որոնք Եվրոպայում կայունության կարևոր գրավականից հետադիմել և վերածվել են փոխադարձ զայրույթի և աճող կասկածների:

Ռուսաստան-Եվրոպա անհանգիստ հարաբերությունների գլխավոր պատճառը Ուկրաինայի Դոնբասի տարածաշրջանում կայուն զինված հակամարտությունն է և հակամարտության կողմերի՝ շփման գծում հրադադարի ռեժիմի ստեղծման անկարողությունը։ Շարունակվող կրակոցներն ու զոհերը հակասում են Մոսկվայի շահերին և միայն ամրապնդում Կիևի՝ իրեն ագրեսիայի զոհ ներկայացնելուն: Եթե 2017 թ. Ռուսաստանի քաղաքականության բարձրագույն կետը Սիրիան էր, ապա Ուկրաինան անկասկած ցածրագույնն է։

Այս խոշոր հաջողությունների և դառը հիասթափությունների համեմատ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մյուս կողմերը այնքան էլ սենսացիոն չեն եղել: Չինաստանն ավելի ու ավելի մեծ հասանելիություն է ստանում ռուսական էներգետիկ ռեսուրսների և ռազմական տեխնոլոգիաների նկատմամբ, իսկ Մոսկվան սերտորեն աշխատում է Պեկինի հետ` Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրի ճգնաժամի հարցում համատեղ քաղաքականություն մշակելու հարցում:

Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն աստիճանաբար կառուցում են ավելի մեծ վստահության և փոխըմբռնման հարաբերություններ, և երկու երկրները գտնվում են երկկողմ հարաբերությունների առավել զգայուն հարցերի լուծման եզրին` պոտենցիալ խաղաղության պայմանագիր և Հարավային Կուրիլների տարածքային վեճի լուծում։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող զարգացումների վերլուծությունը ավարտուն չի լինի՝ առանց արտաքին քաղաքականության երկու գործոնների հակիրճ նկարագրման՝ քաղաքականության մեթոդների ու ծախսերի:

Վերջերս Ռուսաստանը զգալիորեն ընդլայնել է իր արտաքին քաղաքականության զինանոցը: Արտաքին պրոպագանդան, որը կարծես մահացել էր Խորհրդային Միության հետ, փոխարենը վերածնվել է նոր, ավելի դինամիկ ձևով և դարձել է Մոսկվայի արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը:

Նոր քարոզչությունը չի գովաբանում ռուսական քաղաքական համակարգի, տնտեսության, գիտության և տեխնոլոգիայի, մշակույթի, գաղափարախոսության և արժեքային ձեռքբերումները: Ոչ էլ ձգտում է նպաստել Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգին: Փոխարենը, այն կենտրոնանում է ժամանակակից արևմտյան հասարակության քննադատության վրա՝ վարկաբեկելով արևմտյան ժողովրդավարության «իրական կերպարը»: Որոշ առումներով դա հիշեցնում է ԽՍՀՄ ժամանակներում ռադիոյով հնչող պրոպագանդան։

Ռուս քաղաքական գործիչները Եվրոպայում կապեր են հաստատում ծայրահեղ աջակողմյան և ձախակողմյան ուժերի հետ։ Պետական վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով Մոսկվան ցույց է տալիս տարբեր ընտրություններում իր նախընտրած թեկնածուներին` պատրաստակամություն հայտնելով աշխատել իրենց երկրներում բավականաչափ աջակցություն վայելող բոլոր թեկնածուների հետ:

Ռուսաստանն ամենայն հավանականությամբ դա սովորել է բարձրաստիճան արևմտյան պաշտոնյաների և ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում ոչ համակարգային ընդդիմության հետ հաճախակի շփումներից։ Այս շփումները հաճախ ներառում են բացեիբաց կամ գաղտնի նյութական աջակցություն։

Երրորդ նորարարությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ քաղաքացիների և խմբերի ներգրավվածությունն է, որոնք ակնհայտ կապեր պետության հետ չունեն: Պուտինը խոսել է «հայրենասեր հաքերների» մասին, Դոնբասում ռուսական «կամավորների» ներկայությունը բացեիբաց ընդունվում է, հաղորդումներ կան Սիրիայում մասնավոր ռազմական վարձկանների մասին: Կան Կրեմլի «բարեկամ» մասնավոր լրատվամիջոցներ և Կրեմլին շահավետ տարբեր ծրագրեր ֆինանսավորող հովանավորներ։

Իր արտաքին քաղաքականության զինանոցի այս ընդլայնումը թույլ է տալիս Ռուսաստանին քայլեր անել՝ առանց դրանց համար պաշտոնապես պատասխանատու լինելու: Այս առումով ռուսական իշխանությունները, որոնք հավանաբար համակարգում են այդ գործունեությունը այս կամ այն կերպ, հետևում են Արևմտյան աշխարհի, այլ ոչ թե Խորհրդային Միության օրինակին:

Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականության ծավալը և մասշտաբները կտրուկ հակադրության մեջ են նրա սահմանափակ տնտեսական և ֆինանսական հնարավորությունների հետ: Դատելով Պուտինի հայտարարություններից՝ Կրեմլը տեղյակ է չափն անցնելու ռիսկի հնարավորության մասին. Խորհրդային Միության դասը դեռ վառ է շատերի հիշողություններում: Անուղղակի ցուցանիշները ենթադրում են, որ Ռուսաստանը կարողացել է չափավոր պահել սիրիական արշավի ծախսերը։ Բացի այդ, արշավն ինքնին վճարեց իր համար՝ բարձրացնելով Ռուսաստանի և ռուսական զենքի հեղինակությունը աշխարհի սպառազինությունների հիմնական շուկաներից մեկում՝ Մերձավոր Արևելքում։

Մյուս կողմից՝ որոշ քայլեր, օրինակ, Մարի Լե Պենին Կրեմլ հրավիրելը, հավանաբար ոչ թե կոնկրետ արդյունքի հասնելու համար էին, այլ ուղերձ հնչեցնելու։ Միացյալ Նահանգներում ռուսական «հայրենասեր հաքերների» ենթադրյալ գործողությունները այնպիսի վրդովմունքի են հանգեցրել, որ ԱՄՆ քաղաքական վերնախավը միասնաբար և կոշտ հակառուսական դիրքորոշում է որդեգրել, որի արդյունքում պատժամիջոցներն ավելի են խստացել: Հիմնական խնդիրն այն է, որ Կրեմլը կարծես տարվել է արտաքին քաղաքականության տակտիկական տպավորություններով և գործառնական կողմերով՝ առանց ռազմավարական նպատակներ դնելու և դրանց հասնելու միջոցներ մշակելու: Եվ սա, իհարկե, նոր խնդիր չէ:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել