Շարժում-88․ ՍիվիլՆեթը սկսում է տեսանյութերի և հրապարակումների շարք

Այսօրվանից՝ փետրվարի 12-ից, ՍիվիլՆեթը սկսում է հրապարակումների և տեսանյութերի շարք, նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին։

Ամենօրյա ռեժիմով մենք կներկայացնենք մեկ կամ մի քանի նյութեր մինչև մարտի 1-ը։ Այդ օրը լրանում է մեկ այլ տարեթիվ․ Մարտի 1 ողբերգության 10-ամյակը, երբ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արյան գնով կանխեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անխուսափելի թվացող վերադարձը Բաղրամյան 26։

Տարվա ընթացքում, անշուշտ, Արցախյան շարժման 30-ամյակի հետ կապված կլինեն այլ հրապարակումներ և դրանք չեն սահմանափակվի միայն փետրվարի 12-ից մարտի 1-ը ընկած ժամանակահատվածով։

Պատմությունը կեղծվելու հակում ունի, ամեն մի նոր սերունդ, հատկապես իշխանական քարոզչության աքցաններում գտնվող սերունդ, իր ձևով ու իր եղանակով է կեղծում, վերանայում, վերաշարադրում պատմությունը՝ դեպքերն ու իրադարձությունները հաճո դարձնելով օրվա ռեժիմին։

30-ամյակը լավ առիթ է գտնելու Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու բազմաթիվ այլ պատասխանատուների տեղը Շարժում-88-ում։

Ինչո՞ւ ենք Շարժում 88-ը սկսում հենց այսօրվանից՝ փետրվարի 12-ից․ որովհետև այդ օրը բողոքի հավաքներ ու հանրահավաքներ տեղի ունեցան Արցախի, այն ժամանակ Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մի քանի շրջկենտրոններում, այդ թվում՝ Հադրութում և Ասկերանում։

Փետրվարի 12-ը, անշուշտ, հարաբերական թվական է։ Արցախյան շարժումը սկսվել, եփվել ու հասունացել է այն օրվանից, երբ Ստալինի և Մոսկվայի բոլշևիկյան ղեկավարության որոշումով Արցախը կցվեց Խորհրդային Ադրբեջանին՝ 1921-ի ամռանը։

1988-ի փետրվարի 11-12-ը, սակայն, խորհրդանշական թվական է։

Բաքուն փորձում էր կանխել շարժման ծավալումը, որը նոր թափ ստացավ 1985-ի Գորբաչովյան Պերեստրոյկայով ու Գլասնոստով: ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանին միացնելու ստորագրահավաքը և Մոսկվա ուղարկվող տրցակներն ու ղարաբաղյան պատվիրակությունները վախեցրել էին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությանը։

1988-ի փետրվարի 11-ին Ստեփանակերտ են ժամանում Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովը, այլ պաշտոնյաներ: Այստեղ, ի միջի այլոց նշենք, որ խորհրդային միութենական հանրապետությունների երկրորդ դեմքերը սովորաբար լինում էին ազգությամբ ռուսներ։

Փետրվարի 11-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի էր ունենեցել ԼՂԻՄ մարզկոմի բյուրոյի նիստը, որտեղ որոշվել էր մարզկենտրոնում և շրջաններում անցկացնել կուսակցական, տնտեսական ակտիվի հանդիպումներ և դատապարտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները` ստորագրահավաքները, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա, ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու մտադրությունները:

Վասիլի Կոնովալովը, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը, քաղկոմի առաջին քարտուղար Զավեն Մովսիսյանը փետրվարի 12-ին Ստեփանակերտի կուսակցական և տնտեսական ակտիվի ժողովում դատապարտում են Ղարաբաղյան շարժումն ու նրա թիկունքում կանգնած «ծայրահեղական անջատականներին»: Մովսիսյանը մարզում տեղի ունեցող իրադարձությունները համարում է ծայրահեղականների ձեռքի գործը: Կևորկովը սպառնում է, թե անջատականները տեղ չունեն Ղարաբաղում, մարզը եղել և մնալու է Ադրբեջանի անքակտելի մասը: Կոնովալովը հայտարարում է, որ անուն առ անուն գիտի ծայրահեղականներին և անջատականներին, ովքեր պետք է մեկուսացվեն հասարակությունից:

Սակայն ակտիվի նիստը չի ընթանում այն սցենարով, որը պատկերացնում և գծել էին Բաքվում: Ելույթներ են ունենում Ստեփանակերտի ձեռնարկությունների ղեկավարները և դատապարտում Բաքվի` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականությունը: Ստեփանակերտի ավտոշարասյան պետ Մաքսիմ Միրզոյանն իր ելույթում մեղադրում է Կևորկովին ու Բաքվի քաղաքականությունը, որի նպատակը մարզի հայաթափումն էր: Պրոֆտեխուսումնարանի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը պաշտպանում է Միրզոյանին և իր հերթին քննադատում մարզկոմի և քաղկոմի սոցիալ-տնտեսական քայլերը: Մետաքսի կոմբինատի տնօրեն Ռադիկ Աթայանը, Միրզոյանի նման, առաջարկում է ԼՂԻՄ-ի կարգավիճակի հարցը որոշել հանրաքվեով:

Փետրվարի 12-ի կուսակցական ակտիվի ժողովները Ստեփանակերտում, Հադրութում և մյուս շրջաններում տապալվում են: Ասկերանում և Հադրութում, մյուս մարզկենտրոններում տեղի են ունենում հավաքներ այն շենքերի դիմաց, որտեղ պետք է Բաքվի սցենարով տեղի ունենային ժողովներ, դատապարտվեին Արցախը Ադրբեջանի կազմից հանելու մտադրությունները, կազմվեին արձանագրություններ, որ ԼՂԻՄ-ի հայ ժողովուդրը ուզում է ապրել Խորհրդային Ադրբեջանի կազմում և միայն մի քանի ծաղրահեղականներ ու անջատականներ են հրահրում միացում Խորհրդային Հայաստանին։

Հադրութում և Ասկերանում սկսված հանրահավաքը հաջորդ օրը տեղափոխվում է Ստեփանակերտ, շարժումը դառնում է անշրջելի:

Այս և սրան նախորդած ու հաջորդած իրադարձություններին մենք կանդրադառնանք առաջիկա երկու շաբաթների ընթացքում։

Այսօր առաջարկում ենք դիտել ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութը Հադրութից։

Մեկնաբանել