Համանախագահները հանդես են եկել հերթական հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) փետրվարի 7-11-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ։

Միջնորդները ընդգծում են 2017թ․ հոկտեմբերին Ժնևում և դրանից առաջ՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ստանձնած բոլոր հանձնառությունների կատարման կարևորությունը։

Նրանք խոր մտահոգություն են հայտնում օրերս շփման գծում գրանցված կորստի կապակցությամբ և կոչ են անում կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ (ըստ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության) և հարգել հրադադարի ռեժիմը։ Համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից։

Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ օգնել կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան ակտի առանցքային սկզբունքների վրա, որոնց թվում՝ ուժի չկիրառումն է, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։

Համանախագահները նաև ողջունում են կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկա նախընտրական փուլը։

Կարդացե՛ք՝ Միջնորդները՝ Բաքվում, հերթական զոհը՝ արցախյան առաջնագծում։