Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի հետևից բոյկոտում են արտահերթ նախագահական ընտրությունները

Ադրբեջանում ավելանում է ընդդիմադիր ուժերի թիվը, որոնք բոյկոտում են ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները։ Ավելի վաղ նման որոշման մասին հայտարարել էին «ՌԵԱԼ»-ը, «Մուսաֆաթ»-ը, «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը»։

Ադրբեջանի «Ժողովրդավարության և բարեկեցության շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է նախագահ Իլհամ Ալիևի՝ ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշումը։ Այն, ըստ շարժման, «ևս մեկ հարված է ժողովրդավարությանը» և «անհարգալից վերաբերմունք ընտրողների ու ժողովրդի հանդեպ»։

«Նիդա» քաղաքացիական շարժումը հրապարակել է հայտարարություն, որում, քննադատելով կառավարության ճնշումները անկախ մամուլի, ընդդիմադիր խմբերի վրա, նշում է, որ չի ճանաչելու արտահերթ ընտրությունների արդյունքները։

Meydan TV-ի հաղորդմամբ՝ բոյկոտին միացել է նաև «Ժողովրդավարություն 1918» շարժումը։ Քաղաքական ուժը հայտարարում է, որ արտահերթ ընտրություններ նշանակելու Իլհամ Ալիևի որոշումը սահմանափակում է քաղաքական ուժերի հնարավորությունը՝ մասնակցել ընտրություններին։

Կարդացեք՝

Ալիևը շտապում է կեղծել ընտրությունները․ Ադրբեջանի ընդդիմության մեկնաբանությունը

Ադրբեջանը մոտեցնում է ընտրությունները Հայաստանին․ «Կոմերսանտ»

Մեկնաբանել