YouTube-ը և Instagram-ը Ռուսաստանում կարող են արգելափակվել

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոռուպցիայի մասին հետաքննական ֆիլմ էր հրապարակել Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի մասնակցությամբ։ Վերջինս միլիարդատեր օլիգարխ Օլեգ Դերիպասկայի զբոսանավով թեթևաբարո աղջիկների հետ ժամանակ էր անցկացնում Նորվեգիայում։ Ռուսական The Bell պարբերականը գրում է, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանում YouTube-ի և Instagram-ի արգելափակմանը։

Միլիարդատեր օլիգարխ Օլեգ Դերիպասկայի և փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի՝ էսկորտ ծառայությունների աղջիկների հետ զբոսանավի վրա հանգստյան պատմությունը խոշոր մասշտաբների է հասնում։ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) YouTube-ից ու Instagram-ից պահանջել է հեռացնել Նաստյա Ռիբկայի հրապարակումները և Ալեքսեյ Նավալնիի տեսանյութը, որոնք համարվում են անձնական կյանքի գաղտնության խախտումներ։ Եթե դրանք մինչև փետրվարի 14-ը չհեռացվեն, ապա երկու ծառայությունները կարող են արգելափակվել Ռուսաստանում:

– Ռոսկոմնադզորը առաջնորդվել է Ուստ-Լաբինսկ քաղաքի շրջանային դատարանի որոշմամբ, ըստ որի Instagram-ում 14 հաղորդագրության և YouTube-ում 7 տեսանյութերի տարածումը ճանաչվել են ապօրինի: Անձնական կյանքի գաղտնիության հայցի նման նախազգուշական միջոցները Ռուսաստանում առաջին անգամ են ձեռնարկվում:

– Արգելափակման սպառնալիքի տակ մի շարք լրատվամիջոցներ՝ Մեդիազոնան, Ազատություն ռադիոկայանն ու Սնոբը, ստիպված հեռացրել են Դերիպասկայի զբոսանավի լուսանկարները։

– Google-ի (որը YouTube-ի սեփականատերն է) և Facebook-ի (հանդիսանում է Instagram-ի սեփականատեր) ներկայացուցիչները չեն մեկնաբանել որոշումը և իրենց ապագա գործողությունները։ Նյութերը դեռևս չեն ջնջվել:

– Instagram-ի ռուսական լսարանը 2018 թ. սկզբին կազմել է 29 միլիոն, YouTube-ինը՝ (2017-ի օգոստոսի տվյալներով) 13,8 միլիոն:

– Ռուսաստանը միակ երկիրը չէ, որտեղ YouTube- ը և այլ ծառայություններ արգելափակվում են: Instagram-ի հետ դա ավելի քիչ է պատահում, բայց, օրինակ, այս տարվա սկզբին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում Իրանը նույնպես արգելափակեց այդ ծառայությունը։

– Չինաստանում փաստացի 2010-ից Google-ը չի աշխատում գրաքննության պատճառով, և բոլոր որոնումները վերահղվում են հոնգկոնգյան տիրույթ: Այդ պատճառով Google-ը միայն 2017 թ. կրել է ավելի քան 16,4 միլիարդ դոլարի վնաս: Ինտերնետ հսկան չի կարող իրեն թույլ տալ նման շուկա կորցնել։

Եվ ի՞նչ

Եթե YouTube-ը և Instagram-ը իսկապես արգելափակվեն, ապա դա կզգա 40 միլիոն օգտատեր, իսկ Նաստյա Ռիբկայի հետ պատմությունը կդառնա Ռուսաստանում ինտերնետի գրաքննության ամենալուրջ նախադեպը` այդպիսի, ընդհանուր առմամբ, զավեշտալի առիթով: Ինչպես կվարվեն Google-ը և Facebook-ը, դեռ հստակ չէ։ Ռուսական շուկան այնքան մեծ չէ, որքան չինականը, և ընկերությունները կարող են առաջ շարժվել սկզբունքայնությունից ելնելով, հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ում «ռուսական տրոլների» թողտվության մեղադրանքները:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել