Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:
Ինչպես հաղորդում է պաշտպանի գրասենյակը, ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում: Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը:
Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:
Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների ու Հանրապետական խմբակցության անդամների միջև։
Օրակարգի հարցերից մեկի քննարկման ժամանակ «Երկիր Ծիրանի»-ի անդամները կոյուղաջրերով լցված տարաներով շարժվել են դեպի Տարոն Մարգարյանը։
Հանրապետականները նրանց թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետին, որից հետո սկսվել է ծեծկռտուք, ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանի»-ի կանանց։