Քաղաքապետարանի միջադեպի հարցով ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: 

Ինչպես հաղորդում է պաշտպանի գրասենյակը, ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում: Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը:

Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների ու Հանրապետական խմբակցության անդամների միջև։

Օրակարգի հարցերից մեկի քննարկման ժամանակ «Երկիր Ծիրանի»-ի անդամները կոյուղաջրերով լցված տարաներով շարժվել են դեպի Տարոն Մարգարյանը։

Հանրապետականները նրանց թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետին, որից հետո սկսվել է ծեծկռտուք, ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանի»-ի կանանց։