Իսրայելի Քնեսեթը մերժեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը

Իսրայելի Քնեսեթը երեկ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը, որը հեղինակել է «Եշ Աթիդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Յաիր Լապիդը: Նախագիծը չի ընդունվել 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ:

«Չկա պատճառ, որ Քնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոստ վերապրած մի ազգ, չճանաչի Հայոց ցեղասպանությունը ու չսահմանի զոհերի հիշատակի օր»,- Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Լապիդը։

Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոթովելին էլ ասել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկվել Երևան՝ ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, սակայն գերատեսչությունը մտադիր չէ հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում որդեգրել՝ «պայմանավորված դրա բարդությամբ և դիվանագիտական հետևանքներով, ինչպես նաև քաղաքական ենթատեքստ ունենալու հանգամանքով»։

***

2017թ․ դեկտեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար, ադրբեջանամետությամբ աչքի ընկնող Ավիգդոր Լիբերմանը հարցազրույց էր տվել RTVI հեռուստաալիքին, որում անդրադարձել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը։ Լիբերմանը Հայոց ցեղասպանությունը անվանել էր «տեսական, վիճելի հարց», որը չարժե բարձրացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար։

Երուսաղեմի հարցում Թուրքիայի հակաիսրայելական դիրքորոշման և ի հեճուկս Թուրքիայի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերի մասին Լիբերմանն ասել է․ «Ես չեմ կարծում, որ արժե փորփրել այդ զուտ պատմական, վիճելի և տեսական հարցը, այն չունի կոնկրետ ազդեցություն Իսրայելի այսօրվա դիրքորոշման վրա»։

Լրագրողի հարցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ է Ադրբեջանի հետ հարաբերություններով, Իսրայելի ՊՆ ղեկավարը պատասխանել է․ «Նախևառաջ՝ պատմական տեսանկյունից շատ են վեճերը, երկրորդ՝ Ադրբեջանի հետ ունեցած մեր հարաբերությունները, որոնք մեզ համար շատ կարևոր են և երրորդ՝ մենք պետք է նայենք կոնկրետ բաների։ Այսօր առկա է մեր գազային բանալին Էրդողանին հանձնելու փորձ, դա, ըստ իս, շատ ավելի կենսական հարց է՝ հեռուն գնացող հետևանքներով։ Նախքան այդ արկածախնդրությանը դիմելը արժեր նորից ամեն ինչ կշռել և քննարկել»։

Մեկնաբանել