ԵԼՔ-ը «խստորեն դատապարտում է» ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է փետրվարի 13-ի նիստի ժամանակ ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը։

«Երևանի ավագանու ս.թ. փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ ԵԾ («Երկիր Ծիրանի») այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը և իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների ու Հանրապետական խմբակցության անդամների միջև։ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք նիստին տարաներով բերել էին Նուբարաշեն համայնքի կոյուղաջուրը։ ԵԾ-ի և Հանրապետական խմբակցության անդամների միջև սկսվել է հրմշտոց, վերջիններս բռնություն են գործադրել ԵԾ-ի անդամների նկատմամբ։

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել։

***

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կոյուղին վնասված է, գարշահոտությունն ու կոյուղաջրերը տարածվում են տարածքում: Համայնքի բնակիչներն ասում են՝ 3-5 տարի է՝ գարշահոտության մեջ են ապրում: Խնդրի լուծումը, նրանց խոսքով, կախված չէ մեծ ծախսերի հետ, սակայն պատկան մարմիններն այս տարիներին որևէ լուծում չեն գտել:

Մեկնաբանել