Հայկական խոհանոցը կներկայացվի ԱՄՆ-ում

Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցել «Ֆոլքլայֆ» փառատոնին՝ հատուկ հրավիրյալի կարգավիճակով, այս մասին հաղորդում է կառավարության կայքը:

«Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն անց է կացվում ԱՄՆ մայրաքաղաքի` Վաշինգտոնի ազգային զբոսայգում (National Mall), որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ, հուշարձանային համալիրներ:

Այս տարի փառատոնում Հայաստանը կներկայանա «Հայաստան. ստեղծելով տուն» գաղափարի ներքո:

«Նախատեսվում է այցելուներին ներկայացնել հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները: Ըստ այդմ, Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործելու նշյալ հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլև հայկական արտադրանքը լայնամասշտաբ լսարանի առջև գովազդելու համար:

Նախնական կանխատեսումներով, մասնավորապես, փառատոնի ընթացքում վաճառված արվեստի կիրառական գործերից, այդ թվում՝ մթերքից, խմիչքից, ձեռագործ արվեստից համախառն հասույթը գնահատվում է մինչև 500,000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փառատոնի համար ԱՄՆ բերված արվեստի գործերը ցուցադրվելու են «NY NOW» առևտրային ցուցահանդեսում, որը ձեռագործ և գործարանային արտադրության արվեստի գործերի, քանդակների, հուշանվերների և կիրառական արվեստի այլ արտադրանքի խոշորագույն ցուցահանդեսն է ԱՄՆ-ում: Առևտրային ցուցահանդեսն ունենում է շուրջ 25,000 այցելու (և տաղավարներով հանդես եկող ավելի քան 2,500 մասնակիցներ: Նախատեսվում է նաև «հայկական գինի» ապրանքանիշի ներկայացում ԱՄՆ շուկայում»,- ասվում է հաղորդագրությունում: