ԱՄՆ-ի Կոնգրեսը կաջակցի Ադրբեջանում քաղբանտարկյալներին

Միջազգային իրավապաշտպան հայտնի մի շարք կազմակերպություններ հինգշաբթի օրը կոչ են արել ԱՄՆ-ի վարչակազմին և Կոնգրեսի անդամներին հանդես գալ Ադրբեջանում դատապարտված լրագրողների և քաղբանտարկյալների պաշտպանությամբ։ Կոչը հնչել է Կոնգրեսի նախաձեռնության շրջանակում, որը կոչվում է Freedoms Project․ այս մասին հաղորդում է Turan գործակալությունը։

Կոնգրեսում անցած լսումների ժամանակ Վաշինգտոնում Freedom Now կազմակերպության տնօրեն Մելինա Միլացցոն հայտարարել է, որ 2014-ից Ադրբեջանն անցկացնում է քաղաքացիական հանրության լայնամասշտաբ ճնշման քաղաքականություն։ Քաղբանտարկյալների թիվը երկրում հասել է 160-ի։

«Մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանի կառավարությունն արձագանքեց Կոնգրեսի կողմից ճնշմանը, օրինակ, երբ 2017թ․ նոյեմբերին ազատ արձակվեց լրագրող Մեհման Ալիևը՝ այն բանից հետո, երբ սենատոր Դուրբինը փոփոխություն մտցրեց, որով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչ արեց լրագրողի ազատ չարձակման դեպքում։ Մենք Կոնգրեսում ավելի շատ ձայների կարիք ունենք, որպեսզի պաշտպանենք մարդկանց, որոնց բերանը փակել են Ադրբեջանում»,- ասել է նա։ 

2012թ․ մեկնարկած  Freedoms Project նախագիծը Կոնգրեսի անդամներին թույլ է տալիս համերաշխություն ցույց տալ կոնկրետ խղճի բանտարկյալների, որոնք գտվնում են ծանր դրության մեջ։ Բացի այդ, կոնգրեսմենները կարող են նաև միջազգային ուշադրություն հրավիրել այդ մարդանց ազատ արձակելու հարցին։