Սիրիայում զոհվել է ռուսաստանյան մասնավոր խմբի 300 մարտիկ․ Reuters

Արդեն մի քանի օր է՝ Սիրիայից գալիս են տեղեկություններ ռուսաստանյան «Վագներ» զինվորական մասնավոր խմբի ոչնչացման վերաբերյալ։ Կրեմլում այդ տեղեկությունները չեն հաստատում։ 

Reuters գործակալությունը, հղում անելով երեք աղբյուրների, հաղորդել է անցյալ շաբաթ Սիրիայում 300 զոհվածի և վիրավորների մասին։ Գործակալության տվյալներով՝ բոլորն աշխատել են «Կրեմլի հետ կապված ինչ-որ մասնավոր զինվորական ընկերության հետ»։

Ռազմական բժիշկներից մեկը գաղտնիության պայմանով պատմել է 100 զոհվածի և 200 վիրավորի մասին։ Reuters-ի մեկ այլ աղբյուր պատմել է ավելի քան 80 զոհվածի մասին։

Գործակալությանը չի հաջողվել կապ հաստատել «Վագներ» ընկերության հետ, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի պատասխանել հարցմանը։

Ի՞նչ է տեղի ունեցել փետրվարի 7-ին

Ամենատարածված վարկածով՝ փետրվարի 7-ին ջոկատը, որի կազմում ամենայն հավանականությամբ ռուսաստանցիներ էին, փորձել է գրավել Դեր Զոր շրջանի մի հատված, որը վերահսկում է ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող «Սիրիական դեմոկրատական ուժեր» խմբավորումը։

«Կոմերսանտ» թերթի տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է հանդիսացել Բաշար Ասադին աջակցող խոշոր ձեռնարկատերերի փորձը՝ գրավել ԱՄՆ-ի դաշնակից քրդերի նավթային և գազային հանքավայրերը։ Հարձակում գործած ուժերի կազմում էին նաև «Վագների» խմբի մարտիկները։ Հարվածի տակ ընկնելով՝ բոլորը զոհվել են։

Կրեմլը հրաժարվում է միջադեպը մեկնաբանել․ պաշտոնապես մասնավոր զինվորական ընկերությունների մարտիկները չեն ենթարկվում պետական գերատեսչություններին, այդ թվում՝ ՊՆ-ին։ 

Սակայն դեռ 2012թ․ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ասել էր․ «Մասնավոր զինվորական ընկերությունները ազգային շահերի իրագործման գործիք են՝ առանց պետության ուղիղ մասնակցության»։ 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով սուգ հայտարարելու մասին լրագրողների հարցին, ասել է․ «Ես չհասկացա էությունը, ինչի՞ կապակցությամբ պետք է սուգ հայտարարվի»։