Լարված բանակցություններ՝ առանց թարգմանչի․ Թիլերսոնը Թուրքիայում է

ԱՄՆ-ը ճանաչում է Թուրքիայի՝ իր սահմանները պաշտպանելու օրինական իրավունքը, սակայն կոչ է անում Անկարային Սիրիայի Աֆրինում ընթացող օպերացիայում զսպվածություն դրսևորել և խուսափել գործողոթյուններից, որոնք կարող են խորացնել լարվածությունը․ այսօր Անկարայում իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը երեկ երկօրյա այցով ժամանել է Թուրքիա։ Այցի նախաշեմին լրատվամիջոցները գրում էին, որ թուրք-ամերիկյան բանակցությունները հեշտ չեն լինելու՝ հաշվի առնելով Վաշինգտոնի ու Անկարայի միջև վերջին շրջանում առկա լարվածությունը։

Թիլերսոնը մտահոգություն է հայտնել նաև Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների հետ կապված խնդիրների առնչությամբ։

Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան կարող է ԱՄՆ-ի հետ համատեղ քայլեր անել Սիրիայում միայն այն բանից հետո, երբ քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերը» (YPG) հեռանան Սիրիայի Մանբիջից։

Ինչպես գրում է CNN-ը, պետքարտուղարն Անկարայում թուրք առաջնորդների հետ ունեցել է ավել քան երեք-ժամանոց լարված բանակցություններ, ընդ որում՝ առանց թարգմանչի կամ խորհրդականների։ Բավական արտասովոր էր Թիլերսոնի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն անցել է առանց թարգմանչի և գրառումներ անողի, թարգմանչի դերում էլ հանդես էր գալիս հենց Չավուշօղլուն։

Պետքարտուղարության նախկին պաշտոնյաները CNN-ի հետ զրոյցում կարծիք են հայտնել, որ նման հանդիպումը արարողակարգից դուրս է և «ոչ ողջամիտ», քանի որ Պետքարտուղարության թարգմանչի բացակայության պատճառով չկա համոզմունք, որ Թիլերսոնի դրույթները ճշգրիտ են փոխանցվում և պատշաճ շեշտադրումներով։

Հունվարի 20-ից Թուրքիան ռազմական օպերացիա է իրականացնում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումների դեմ, պնդելով, թե նրանք ահաբեկիչներ են: ԱՄՆ-ը մինչդեռ հենվում է վերջիններիս վրա՝ զինելով նրանց «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Մեկնաբանել