Արմեն Սարգսյանը համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, որ ՀՀԿ-ի կողմից ներկայացվել էր հանրապետության նախագահի պաշտոնի համար, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և համաձայնություն տվել, որ իր թեկնածությունը առաջադրվի։

«Դրական պատասխանի դեպքում, իհարկե, Ազգային ժողովի մեծամասնությունը կսկսի մեր Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը: Հանրապետության Նախագահի ընտրությունները, ըստ Սահմանադրության, պետք է տեղի ունենան մարտի առաջին տասնօրյակում, և ես համոզված եմ, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու լավ, համերաշխության պայմաններում, և դրա արդյունքը դառնալու է մեր ազգային համերաշխության խորհրդանիշ։ Ի՞նչ կասեք այս ամենի մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը, որից հետո ստացել է Արմեն Սարգսյանի դրական պատասխանը:

Արմեն Սարգսյանը կարևորել է հատկապես կրթության և քաղաքացիական հասարակության ոլորտները․

«Եթե թույլ տաք, պարո՛ն Նախագահ, երկու ոլորտ, որ կարծում եմ, շատ էական է, և իմ հանդիպումները դրանց ուղղակի փաստային ապացույցներն էին. դրանցից մեկը մի ոլորտ է, որ իմ սրտին շատ մոտ է՝ կրթությունը: Կարծում եմ՝ Հանրապետության ապագա նախագահն իր դերը կարող է ունենալ աջակցելու, քաջալերելու կրթության ոլորտը:

Եվ երկրորդը, որ ինձ համար, իհարկե, ևս շատ կարևոր է, որովհետև մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, և հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ և՛ ներկուսակցական, և՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն: Այդ իմաստով, գուցե երկու բառով ասեմ, պարո՛ն Նախագահ, կարծում եմ, որ 21-րդ դարի քաղաքացու, հայ քաղաքացու ոչ թե կերպարը, այլ էությունը վերագտնելու և ամրացնելու խնդիրը կարևոր է ինձ համար, և կարծում եմ, հանրապետության ու մեր ժողովրդի:

Այս բոլորը ասելուց հետո, պարո՛ն Նախագահ, ուզում եմ ընդգծել, որ Ձեր կողմից առաջադրված խնդիրների շրջանակում ես վստահ եմ, որ կկարողանամ ամեն ինչ անել, որպեսզի պատվով կատարեմ ինձ վրա դրված բարձր պատասխանատվությունը, որպեսզի չհիասթափեցնեմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, և այն ակնկալիքները, որ մեր հայրենակիցները կունենան՝ լինի Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում: Պատրաստ եմ իմ ողջ էությամբ և եռանդով ներգրավվելու այդ շատ պատասխանատու գործին, եթե, իհարկե, Ազգային ժողովն ինձ ընտրի որպես նախագահ»,- ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին առաջարկել էր զբաղեցնել նախագահի պաշտոնը հունվարի 19-ին։

Վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի քաղաքական ուժերի, մտավորականների, գիտնականների, կրթության ոլորտի և հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ։

Մեկնաբանել