Թուրքիայի հետ պետք է բանակցվի նոր փաստաթուղթ․ Սերժ Սարգսյան

Ալիևի զառանցանքը Եվրոպայի լռության պայմաններում կարող է լուրջ հետևանքներ ունենալ, Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորվի, իսկ հայ-թուրքական հարաբերություններում պետք է բանակցել նոր փաստաթղթի շուրջ։ Մյունխենի անվտանգության համաժողովն ընթանում է «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրի ներքո։ Սերժ Սարգսյանի ելույթից հատվածներ առանձնացված են ստորև։

Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ

Հելսինկիի [եզրափակիչ ակտի] ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն:

Թուրքիայի հետ պետք է բանակցվի նոր փաստաթուղթ

Սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բևեռներից մեկի սահմանին էր։ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Ժամանակն այստեղ կարծես կանգ է առել:

Կարող եմ վստահությամբ ասել, որ Հայաստանն ամեն ինչ արել է այս իրավիճակը հաղթահարելու համար։ Իմ նախաձեռնությամբ սկիզբ առած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այնուամենայնիվ, 2009թ. Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։

Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է: Կարծում եմ՝ պատկերացնում եք, որ հայկական սփյուռքի շատ ու շատ ներկայացուցիչներ այնքան էլ երջանիկ չէին մեր այդ որոշմամբ։ Դա բնական էր, քանի որ նրանք ցեղասպանություն վերապրածների և հայրենազրկման ենթարկվածների ժառանգներն են։ Ես շրջագայեցի ողջ աշխարհով, հանդիպեցի սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ՝ համայնք առ համայնք, քննարկեցի նրանց հետ չափազանց զգայուն այս խնդիրը։

Արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները դրսևորեցին նման քաղաքական կամք, արդյո՞ք նրանք որևէ կերպ տեր կանգնեցին իրենց իսկ ստորագրած փաստաթղթերին։
Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին:

Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։

Watch Serzh Sargsyan’s speech in English here.