Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են Մյունխենում

Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, հաղորդում է ԱԳՆ կայքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Զարիֆը գոհունակությամբ են նշել, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումները Երևանում ու Թեհրանում և միջազգային հարթակներում կրում են հաճախակի բնույթ, ինչը թույլ է տալիս հետևել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցերի: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական համատեղ նիստը նախատեսված է գումարել մոտ օրերս Երևանում: