Երևանի ավագանու նիստին տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել

Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի («Խուլիգանություն») առաջին և 118-րդ հոդվածի («Ծեծ») առաջին մասերով:

Երևանի ավագանու նիստին տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանություն հաղորդում էին ներկայացրել 2 կողմերն էլ:

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների ու Հանրապետական խմբակցության անդամների միջև։ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք նիստին տարաներով բերել էին Նուբարաշեն համայնքի կոյուղաջուրը` փորձելով ուշադրություն հրավիրել համայնքում տարիներ շարունակ չլուծվող խնդրին։ ԵԾ-ի և Հանրապետական խմբակցության անդամների միջև սկսվել է հրմշտոց, վերջիններս բռնություն են գործադրել ԵԾ-ի անդամների նկատմամբ։

***

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կոյուղին վնասված է, գարշահոտությունն ու կոյուղաջրերը տարածվում են տարածքում: Համայնքի բնակիչներն ասում են՝ 3-5 տարի է՝ գարշահոտության մեջ են ապրում: Խնդրի լուծումը, նրանց խոսքով, կախված չէ մեծ ծախսերի հետ, սակայն պատկան մարմիններն այս տարիներին որևէ լուծում չեն գտել: Քաղաքապետարանի դեպքերից հետո մեկնարկել են Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները։