Սիրիական բանակը կօգնի քրդերին՝ ընդդեմ Թուրքիայի

Սիրիայի քրդական զինուժը հայտարարել է, որ համաձայնություն է կայացրել Սիրիայի կառավարության հետ, որի համաձայն՝ այն ուժեր կուղարկի թուրքական հարձակմանը դիմագրավելու նպատակով։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Սիրիայի կառավարությունը տեղեկությունը դեռ չի հաստատել։

Քրդական Rudaw գործակալությունը վկայակոչում է Սիրիայի «Քրդական դեմոկրատական միություն» կուսակցության պաշտոնյաներից Շեյխո Բիլոյին, որը հաստատել է համաձայնության փաստը։

Անցյալ ամիս թուրքական ուժերը մտել էին Սիրիայի քրդաբնակ Աֆրինի շրջան։ Ներկայում տարածքում սիրիական ռազմական ներկայություն չկա։ Բիլոյի տեղեկացմամբ՝ բանակը տարածք կհասնի այսօր։

Եթե սիրիա-քրդական համաձայնությունը կյանքի կոչվի, թուրքական բանակը ստիպված կլինի պայքարել ոչ միայն քրդական զինուժի, այլև սիրիական բանակի դեմ։

Հունվարի 20-ից Թուրքիան ռազմական օպերացիա է իրականացնում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումների դեմ, պնդելով, թե նրանք ահաբեկիչներ են: ԱՄՆ-ը մինչդեռ հենվում է վերջիններիս վրա՝ զինելով նրանց «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Մեկնաբանել