Սերժ Սարգսյանն այսօր «Բուկինիստում» էր

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Բուկինիստ» գրախանութ, այս մասին հաղորդում է նախագահականի կայքը: 

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը: Տոնը սահմանվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնի առթիվ:

Ըստ հաղորդագրության` նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

Թեյի սեղանի շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների և առկա խնդիրների մասին, քննարկել՝ գրքի տպագրության և վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը: Հրատարակիչները նաև իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնք Հանրապետության Նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ և փորձել գտնել ոլորտին օգտակար լինելու նոր հնարավորություններ:

Սերժ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները քննարկումից առաջ շնորհավորել են միմյանց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ: Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հասարակության մեջ ձևավորված բարի ավանդույթը` Գիրք նվիրելու օրը, իրավամբ, մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձևերից մեկն է: Օրվա խորհրդի ներքո հանդիպման մասնակիցները միմյանց գիրք են նվիրել:

«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը Նախագահին ներկայացրել է «Բուկինիստ» գրավաճառ ցանցի գործունեության արդյունքում վերջին տարիներին արձանագրված զգալի հաջողությունները, ցանցի ընդլայնման և հատկապես մարզերում գրախանութների հիմնման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը:

Սերժ Սարգսյանը գրախանութի տնօրենի հետ շրջայց է կատարել «Բուկինիստում», ծանոթացել գրախանութի՝ նորագույն և լավագույն գրականությամբ հագեցած բաժիններին, այդ թվում՝ մասնագիտական: