Սիրիայում կան վարձկաններ ամբողջ աշխարհից․ Լավրովը մեկնաբանել է «հարյուրավոր զոհված ռուսաստանցիների» լուրը

Ռուսաստանի ԱԳՆ-ն սպասում է անցյալ շաբաթ Սիրիայի Դեր Զորում ռուսաստանցիների զոհվելու փաստի առթիվ հետաքննության արդյունքները․ այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ «հարյուրավոր զոհված ռուսաստանցիների» մասին տեղեկատվությունը «պատերազմը շահարկելու փորձ է», ընդ որում՝ «ոչ այնքան տեղին»։

Հարվածը, որի արդյունքում կարող էին ռուսաստանցիներ զոհված լինել, հասցվել է փետրվարի 7-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից։ Փաստը հաստատում են նաև ամերիկյան լրատվամիջոցները։ Ամերիկյան կողմը պնդում է, որ ջոկատը, որը հարվածի է ենթարկվել, փորձել է հարձակվել ամերիկացիների կողմից աջակցություն ստացող սիրիացի ընդդիմադիրների վրա։

Bloomberg-ն ու Reuters-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել են հարյուրավոր զոհված ռուսաստանցիների մասին, որոնք «Վագներ» զինվորական մասնավոր ընկերության վարձկաններ էին։

Կրեմլը միջադեպը չի մեկնաբանել, Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ զոհվածների թվում ռուսաստանցիներ չկային։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անցյալ շաբաթ ասել է, որ ավիահարվածի արդյունքում զոհվել է մի քանի հոգի, «ենթադրաբար՝ հինգ ռուսաստանցի»։

«Հրապարակումները, որոնց մասին ասում եք, տեղ են գտնում «տաք» լուրերի թեժացման արդյունքում՝ առանց կոնկրետ փաստերի առաջադրման և չսպասելով շարունակվող հետաքննության արդյունքները»,- ասել է Լավրովը։

Նա չի պատասխանել հարցին, թե ռազմական գործողությունների գոտում ինչ էին անում ռուսաստանցիները, որոնց ՊՆ-ն չի ճանաչում որպես զինծառայող։

«Ի՞նչ են անում այնտեղ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։ Այնտեղ կան վարձկաններ ամբողջ աշխարհից։ Այնտեղ կան հատուկջոկատայիններ, որոնց ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել, պարզապես իրենք իրենց համար են»,- պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ավելին՝ Սիրիայում զոհվել է ռուսաստանյան մասնավոր խմբի 300 մարտիկ․ Reuters

Մեկնաբանել