Իսրայելը ձգտում է «լիբանանիզացնել» Ադրբեջանը

Սինգապուրի Ս. Ռաջարատնամի Միջազգային հետազոտությունների դպրոցի ավագ գիտաշխատող, դոկտոր Ջեյմս Մ. Դորսին (James M. Dorsey) հոդված է հրապարակել Ադրբեջանում Իսրայելի և Իրանի, ինչպես նաև Իրանի ու Սաուդյան Արաբիայի բախվող շահերի մասին։ Հոդվածը թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև։

Մինչ Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրում է Եմենում ու Կատարում հութի ապստամբներին ցուցաբերվող աջակցության միջոցով իրեն շրջափակելու փորձի մեջ, երկու երկրները՝ Սաուդյան Արաբիան ու Իրանը, իրենց դառը մրցակցությունը ընդլայնում են Մերձավոր Արեւելքի սահմաններից դեպի Կովկաս:

Երկու երկրների համար նոր մարտադաշտ է դարձել նավթով հարուստ Ադրբեջանը՝ ավտորիտար, մեծամասնությամբ շիա մուսուլման, բայց աշխարհիկ նախկին խորհրդային այս հանրապետությունը, որը սահմանակից է Իրանի հյուսիսային մասին։ Ընդ որում, Իրանում ևս զգալի թվով էթնիկ ադրբեջանցիներ են ապրում։ Վերջերս Ադրբեջանի անվտանգության ծառայությունները զգուշացրել են կառավարությանը երկրում աճող իրանական ազդեցության մասին:

«Իրանն առանձնապես հաջող է կրոնական գործունեություն ծավալելիս»,- գրում է ադրբեջանցի լրագրող Քենան Ռովշանօղլուն երկրում կրոնական ազատության մասին արված ուսումնասիրության մեջ: «Թուրան» անկախ լրատվական գործակալությունը հրապարակված ուսումնասիրության մեջ նշում է, որ Ադրբեջանի 150 մադրասաներից կամ կրոնական սեմինարիաներից 22-ը վերահսկվում են Իրանի կողմից:

Իրանը և Ադրբեջանը վաղուց են զգուշանում միմյանցից՝ վախենալով, որ մյուս երկիրը կարող է օգտագործել իր կրոնական և/կամ էթնիկական կապերը` երկրում խժդժություններ հրահրելու նպատակով։ Իրանի բնակչության առնվազն մեկ քառորդը ադրբեջանցի է:

Ադրբեջանն իր հերթին անհանգստացած է Հայաստանի հետ Իրանի սերտ հարաբերություններով: Ադրբեջանն ու Հայաստանը տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։

Ադրբեջանական ազգայնականության շուրջ Իրանի մտահոգությունները սրվեցին, երբ երեք տարի առաջ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզի խոշորագույն ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Տրակտոր Սազիի» երկրպագուները սկսեցին ազգայնական կարգախոսներ վանկարկել՝ կառավարության բնապահպանական քաղաքականության և ֆուտբոլում կոռուպցիայի դեպքի մասին, որը, ենթադրաբար, ուղղված էր «Տրակտոր Սազիի» դեմ

Araz News-ը 2015թ․ հրապարակեց ակումբի նախկին նախագահ, բրիգադի գեներալ Ղոլամ-Ասգար Քարիմյանի նամակը, որում նա մանրամասնում է, թե ինչպես «Տրակտոր Սազին» կարող է ադրբեջանցիներին համախմբել «ռասիստական և անջատողական խմբերի» դեմ:

Նամակում նշվում է, որ խմբերը քարոզարշավ էին անցկացնում «մայրենի լեզուն սովորելու» օրվա առթիվ։ Նշված մայրենի լեզուն թալիշերենն է՝ մահացող հյուսիսարևմտյան իրանական լեզու, որով դեռ խոսում են իրանական Գիլան ու Արդաբիլ նահանգներում և Ադրբեջանի Հանրապետության հարավում: Նամակը ենթադրում էր, որ խմբերը, որոնց մասին անհանգստացած էր Գեներալ Քարիմյանը, ներառում էին ադրբեջանական անջատողականների։

Նամակը կոչ էր անում անջատողականների թուլացման նպատակով միջոցառումներ ձեռնարկել` պայքարելով ադրբեջանցիների նկատմամբ տարածված ռասիստական վերաբերմունքի դեմ և բարելավելով Արեւելյան Ադրբեջանում ծառայությունների որակը: Ադրբեջանցիների նկատմամբ ռասիստական վերաբերմունքին ծանոթ են «Տրակտոր Սազիի» ֆուտբոլիստները։

«Ուր որ գնում է ակումբը, մրցակից ակումբի երկրպագուները վիրավորական կարգախոսներ են վանկարկում: Նրանք էշի ձայն են նմանակում, քանի որ ադրբեջանցիները պատմականորեն ծաղրվում են որպես հիմար և համառ: Ես հիշում եմ նմանատիպ միջադեպեր դեռ պատանեկությանս տարիներից»,- ասել է իրանական ֆուտբոլի երկարատեւ հետևորդներից մեկը:

Իրանի նկատմամբ ադրբեջանական քաղաքականությունը քննարկելիս Բաքվի Արևմտյան Կասպիական համալսարանի Կիրառական քաղաքականության կենտրոնի ղեկավար Էլհան Սահինօղլուն նշել է, որ Ադրբեջանը մտադրություն չունի Իրանի ներքին գործերին միջամտել, բայց չի կարող «անտեսել Իրանում բնակվող ադրբեջանցիների ապագան»:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոյեմբերին հայտարարել էր, որ Արեւելյան Ադրբեջանում «ահաբեկչական խումբ է զինաթափել», որը կապեր ուներ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում Սաուդյան Արաբիայի հետ: Այս հայտարարությանը շաբաթներ առաջ նախորդել էր Իրանի՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում զինված խմբավորում վերացնելու մասին հայտարարությունը. նահանգը սահմանակից է Իրաքին, Ադրբեջանին ու Թուրքիային և ունի ինչպես ադրբեջանցի, այնպես էլ քուրդ բնակչություն։

Ադրբեջանը նաև տարիներ շարունակ ռազմական սերտ կապեր է հաստատել Իսրայելի հետ, որը Սաուդյան Արաբիայի պես միանշանակ Իրանի հակառակորդն է: Նախքան 2015թ. Իրանի հետ տերությունների միջազգային համաձայնագիրը, որով սահմանափակումներ դրվեցին Իրանի միջուկային ծրագրի վրա, Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել էին ադրբեջանական ավիաբազաները օգտագործելու տարբերակը, եթե Իսրայելը որոշեր հարձակում գործել Իրանի միջուկային օբյեկտների վրա:

Փաստն այն է, որ եթե Իրանը ձգտում է շրջափակել Սաուդյան Արաբիային, Սաուդյան Արաբիան և Իսրայելը իրենց հերթին փորձում են շրջափակել Իրանին:

«Թել Ավիվը ցանկանում է լիբանանիզացնել (Ադրբեջանը)` ըստ իր «նոր պերիֆերիայի դոկտրինի» (new periphery doctrine): Սա նշանակում է, որ Իսրայելը մտադիր է նոր պերիֆերիկ տարածաշրջան ստեղծել և շրջափակել Իրանին՝ Իրաքյան Քրդստանում և Ադրբեջանում իր ներկայությամբ»,- նշում է իրանցի փորձագետ Սալար Սեյֆոդինին:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել