Սահմանադրական ճգնաժա՞մ․ ինչպես պետք է ընտրվի նախագահը

Փաստաբան Վահե Գրիգորյանը ilur.am կայքի հետ զրույցում հիմնավորել է, որ Սահմանադրության համաձայն՝ չորրորդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի, այլ համընդհանուր քվեարկության  միջոցով։ Սա բուռն քննարկումների առիթ է դարձել։ Գրիգորյանին արդեն հակադարձել են ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանը և Վարդան Պողոսյանը։ ՍիվիլՆեթը հարցի շուրջ զրուցել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի և սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի հետ։

Հայաստանի չորրորդ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը։ Նման կարծիք օրեր առաջ արտահայտեց փաստաբան Վահե Գրիգորյանը՝ հղում անելով 2015-ին ընդունված Սահմանադրության անցումային դրույթներին։

Նոր Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասում նշվում է, որ խորհրդարանի կողմից նախագահի ընտրության կարգը սահմանող 5-րդ գլուխն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելուց հետո, իսկ «նորընտիր նախագահ» Հայաստանը դեռ չի ընտրել։

Նույն հոդվածի 6-րդ մասում ասվում է․ «Մինչ այդ շարունակում են գործել 2005-ի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»։

Մինչդեռ սահմանադրության 211-րդ հոդվածով՝ խորհրդարանը պետք է ընտրի նախագահին։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը գտնում է, որ տեղի է ունեցել սահմանադրական ճգնաժամ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի չորրոդ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը 2005-ին ընդունված Սահմանադրության 50-րդ հոդվածի հիման վրա։

«211 հոդվածն այսպես ասած կենդանացնում է 125 հոդվածը, որը խոսում է բացառապես նախագահի ընտրության կարգի մասին, սակայն մենք այնտեղ ունենք 124 հոդված, որտեղ խոսվում է, թե ով կարող է լինել Հայաստանի նախագահը և քանի տարի ժամկետով նա կարող է ընտրվել, այն ուժի մեջ չէ»,- նշում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ շեշտելով, որ այս պարագայում գործում է 2005-ի Սահմանադրության 50-րդ հոդվածը, որով էլ նախագահին ընտրում է ժողովուրդը։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը խոստովանում է՝ մայր օրենքում կան խմբագրական բնույթի վրիպակներ, սակայն սկզբունքը պահպանված է՝ նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը, ինչն ամրագրված է անցումային դրույթների 211-րդ հոդվածում։

«Եթե մի պահ պատկերացնենք, որ 211-րդ հոդվածը չկա Սահմանադրության անցումային դրույթներում, ես լիովին համամիտ եմ, որ նախագահին ընտրի ժողովուրդը, սակայն 211-րդ հոդվածը բովանդակային առումով կենդանություն է տալիս 125-րդ հոդվածին և սահմանում է հանրապետության նախագահի ընտրության կարգը»,- ասում է Այվազյանը։

Գևորգ Գյոզալյանը կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները շտապել են, ինչն էլ հանգեցրել է սահմանադրական ճգնաժամի։ Նրա համոզմամբ՝ հարկավոր էր 124-րդ հոդվածում բացել ընտրության կարգը։ Իրավիճակից դուրս գալու համար Գյոզալյանն առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան, եթե նախագահը չընտրվի ժողովրդի կողմից․

«Հին Սահմանադրության 50-րդ հոդվածի հիման վրա ՀՀ ժողովուրդը պետք է ընտրի նախագահ, երբ նորընտիր նախագահը կընտրվի, հինգ տարի կպաշտոնավարի, հինգ տարի հետո առաջին նախագահը, որ կընտրվի, արդեն կընտրվի նոր Սահմանադրության հինգերորդ գլխով՝ Ազգային ժողովի կողմից»։

Վարդան Այվազյանը չի կիսում այս տեսակետը․ «Դրական է ու շատ արդյունավետ, երբ քաղաքացիական և քրեական դատավարությունների ժամանակ վստահորդի շահերը պաշտպանելու համար փաստաբանները օգտվում են ցանկացած իրավական ակտի ոչ իդեալական շարադրված լինելու հանգամանքից, բայց այստեղ մենք պետք է ոչ թե տառացիորեն այդ ամենը մեկնաբանենք, այլ սահմանադրության ելնենք ՀՀ նոր Սահմանադրության անցումային դրույթներից»։

* * *

ՀՀ Սահմանադրությունում առկա հակասությունները մեկնաբանել են նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները։ Նրանցից Գևորգ Դանիելյանը հղում է արել նոր սահմանադրության երկրորդ հոդվածին, որի համաձայն՝ մայր օրենքն ուժի մեջ է մտել դեռ 2015-ին․ «209-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված է, որ Սահմանադրության 5-րդ գլուխը ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, ոչ թե բացառում է խորհրդարանի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը, այլ սոսկ ամրագրում է, որ նորընտիր Հանրապետության նախագահը, իր պաշտոնը ստանձնելու պահից, պետք է հանդես գա 5-րդ գլխով ամրագրված լիազորություններով»։

Հանձնաժողովի մեկ այլ անդամ Վարդան Պողոսյանը պնդում է, որ 211-րդ հոդվածը գերակա է 209-րդ հոդված 6-րդ մասին նկատմամբ․

«Իսկապես, 2015-ի փոփոխություններով Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ի թիվս այլ հոդվածների և գլուխների, Սահմանադրության 5-րդ գլուխը ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ «մինչ այդ շարունակում են գործել 2005-ի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: Այսինքն, առանձին-առանձին վերցված, 209-րդ հոդվածի 6-րդ մասի և 211-րդ հոդվածի դրույթները միմյանց չեն համապատասխանում: Նման իրավիճակները բնականոն և լայնորեն տարածված են իրավունքում, և արտացոլում են ընդհանուր և հատուկ նորմերի հարաբերակցությունը: Որպես իրավաբանական մեկնաբանման կանոն՝ այստեղ վաղուց, դեռ Հին Հռոմի ժամանակներից գործում է lex specialis derogat legi generali կանոնը, այսինքն՝ հատուկ նորմը սահմանափակում, մասամբ կամ ամբողջությամբ վերացնում է ընդհանուր նորմը, հատուկ նորմը գերակա է ընդհանուր նորմի նկատմամբ: Մեր պարագայում 211-րդ հոդվածը lex specialis է 209 հոդվածի 6-րդ մասի նկատմամբ և սահմանում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ընտրության կարգը գործում է նոր ընտրվելիք Հանրապետության նախագահի համար: Կարճ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից»,- ասել է Պողոսյանը:

Գևորգ Թոսունյան