Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է «ցանկացած պահի պատերազմի վերսկսման» հավանականության մասին

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ բանագաց Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը։

Նշելով, որ «երկու զինված բանակներ կանգնած են ճակատում` դեմ հանդիման», Հասանովը չի բացառել «ցանկացած պահի ռազմական գործողությունների վերսկսումը»։

Ադրբեջանի ՊՆ նախարարը նաև ասել է, որ «միջազգային կառույցները ղարաբաղյան հակամարտության հետևանքները հետաքննելու փոխարեն լավ կանեին՝ գործադրեին բոլոր ջանքերը հակամարտության կարգավորման համար, վերացնեին դրա ծագման պատճառները»։

Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է հակամարտության խաղաղ և շուտափույթ կարգավորման կարևորությունը՝ Հարավային Կովկասում կայունության հաստատման համար։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը բանակցությունների շարունակման կողմնակից է։

2018-ի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության բարձր հավանականությանն անդրադարձ է եղել ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի զեկույցում։

«Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կարող է վերաճել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը՝ աջակցելու իր տարածաշրջանային դաշնակցին։

Երկու կողմերի՝ փոխզիջման գնալու դժկամությունը, ներքին ճնշման աճը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսաստանյան նոր սպառազինությունների ձեռք բերումը 2018թ․ լայնամասշտաբ բախումների ռիսկ են ստեղծում»,- նշվում է զեկույցում։