Իրանի պաշտպանության նախարարը վաղը կայցելի Ադրբեջան

Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-22-ը կայցելի Ադրբեջան։ Իրանական Press TV-ն հաղորդում է, որ այցի նպատակն է Բաքվի հետ պաշտպանության և ռազմական ոլորտներում համագործակցության բարելավումը։

Բաքվում Հաթամին հանդիպումներ է ունենալու իր պաշտոնակից Զաքիր Հասանովի, Ադրբեջանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկու երկրների ՊՆ ղեկավարների բանակցությունների օրակարգը չի հրապարակվում։

Իրանի և Ադրբեջանի պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը կայացել էր 2017թ․ հոկտեմբերին Բաքվում։ 

2017թ․ ապրիլին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովն այցելել էր Թեհրան։

 

Լուսանկարում՝ իրանական զինված ուժերը Թեհրանում ռազմական շքերթի ժամանակ