Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նախագահությամբ անցկացվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, օրակարգում ընդգրկված են համազգային և ներեկեղեցական մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվում են Պոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ, Հայ Եկեղեցու կառավարման արդյունավետության, Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման, երիտասարդների շրջանում քարոզչական առաքելության զորացման մասին նյութեր։
***
2017թ. մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանն անցյալ շաբաթ հրաժեշտի նամակով դիմել է Պոլսի հայությանը։ Բեքչյանը պատմել է, որ ընտրվելուց հետո ստանձնելով տեղապահի պարտականությունները՝ առերեսվել է «ապշեցուցիչ իրողությունների», «ինտրիգների»։ Արքեպիսկոպոսը նշել է, որ այսօր նախկինի համեմատ Ստամբուլում շատ քիչ են «ուժեղ կամքի տեր, համայնքի պատմությանն ու արժեքներին քաջատեղյակ հոգևորականներն ու աշխարհիկ անձինք»։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված գրությունից հետո արքեպիսկոպոսը ստիպված է հեռանալ Ստամբուլից։
Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին Թուրքիայի հայոց պատրիարքարան ուղարկած նամակում նշել էր, որ ճանաչում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ որպես պատրիարքական գլխավոր փոխանորդ, իսկ արքեպիսկոպոս Բեքչյանի տեղապահի կարգավիճակը չի ճանաչում, հաղորդում է «Ակօսը»։
Պոլսի պատրիարքի գահը թափուր է 2008-ից։
Դրածո պետք չէ, պատրիարք է պետք․ Փայլանը՝ Բեքչյանի հեռանալու մասին
Գլխավոր լուսանկարում՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ պատարագի ժամանակ, երկրորդ լուսանկարում՝ հայ համայնքը օդանավակայանում հրաժեշտ է տալիս Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին