Սերժ Սարգսյանը պարգևատրել է Նավասարդ արք․ Կճոյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը քանիցս եղել է լրատվամիջոցների սկանդալային հրապարակումների կիզակետում։ Թեմի առաջնորդի անունը շոշափվում էր Հետք պարբերականի 2013-ին բացահայտած օֆշորային սկանդալի գործում։ Ավելի վաղ նա մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել թանկարժեք Bentley մեքենա ունենալու համար։

Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել նախագահական նստավայրում։ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին, ովքեր փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող գերագույն հոգևոր խորհրդի նիստին: