Սատանայից կրեատիվները

Սերժ Սարգսյանը Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Հենց հիմա Գողգոթայի բարձունքներից էլ վեր մի տեղ իր նոր ողբն է կապել մի արդեն չստացված, գրեթե ձախողված մի աստվածիկ:

Որովհետև տեր Նավասարդի մոտ ստացվում են ծառայությունները, իսկ Իր մոտ չեն ստացվում:

Որովհետև Սերժ Սարգսյանը գնահատել գիտի, իսկ մենք չգիտենք:

Որովհետև ինքը՝ աստվածիկն ասում էր․ «Կայսրինը կայսրին, Աստծունը՝ Աստծուն»։ Իսկ այստեղ ամեն ինչ խառնվել է իրար:

Որովհետև, ի վերջո, ամենայն հանցագործություն և բարեգործություն արվում է Իր անունից, մինչ Ինքը ոչ մի տեղ չկա:

Որովհետև Ինքը ոչ մեկի չափ չկա:

Որովհետև հոգևորականի Հայրենիքին մատուցած ծառայությունը ո՞րն է, եթե նրա անունը կապվում է օֆշորի հետ: Օֆշորում Հայրենիքը ո՞րն է: Քննեցի՞ն, պարզեցի՞ն հոգևորականի կապը:

Որովհետև ստացվում է, որ կարելի է գողանալ նաև Իր՝ աստվածիկի, անունից, մինչ Ինքը մի բաժակ ջրի էլ չարժանացավ ամենավերջում:

Այդ աստվածիկը հիմա Գողգոթայի բարձունքներից էլ վեր մի տեղ հաստատ եղունգներն է կրծում, որովհետև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ապրել գիտի, իսկ Իրեն, ահա, խաչեցին: Էսպես էլ բա՞ն կլինի:

Որովհետև ինքն էլ, չէ՞, կարող էր Պիղատոսի հետ լեզու գտնել: Կարող էր, չէ՞, մորը չորբացնել իրենով, ինչ է թե Հայրն ասել էր՝ կգնաս ու կմեռնես բոլորի անունից, թող ոչ մի զոհ չպահանջվի քեզնից բացի:

Դե այնպես չէ, որ իր արարքով Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ խաչեց Նրան, որը դեռ երկու հազար տարի առաջ է պարոն Սարգսյանին ներել այսօրվա այսպիսի անպատկառությունը: Այսպիսի՞ բաներ են ներվել ու դեռ կներվեն:

Բայց, ընկերներ, արքեպիսկոպոսն ու ՀՀԿ նախագահը հո գիտե՞ն, որ ոչ մի Աստված էլ չկա, և որ մարդը իր ողորմելիությունից բարձունքներ կոփողն է:

Եվ որ դրա համար պետք են մարդիկ և Հայրենիք:

Հոգևորականին գնահատելն ինքնին վատ չէ: Նավասարդ արքեպիսկոպոսը հաստատ գնահատանքի արժանի բաներ ունի: Բայց Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով փայ է մտնում (ծանոթ ձեռագիր է, չէ՞, եթե հիշենք, թե պետության գլխավոր փայ մտնողն ով է) մի խնամքով կոծկված պետական հանցագործության մեջ, որի մի կողմում վարչապետն է, արքեպիսկոպոսը և նրանց մտերիմ խաբեբան, մյուս կողմում՝ նրանց հանդեպ հավատ ունեցող գործարարը:

Էդ գործարարն իր հավատը հոր տնից չէր բերել: Գործի մեջ հոգևորական է տեսել, վարչապետ է տեսել: Ու փող է վստահել նրանց Հայրենիքին մատուցվելիք ծառայությունների համար: Հետո նրան հասկացրել են՝ մոռացիր էդ փողը: Շնորհակալություն էլ չեն ասել:

Թեպետ, եթե Աստված չկա, գոհ լինենք, որ չեն սպանել:

Հենց հիմա՝ Մեծ Պահքի այս բազմախորհուրդ օրերին, ոգելիցը հոսում է հոգևոր բերաններից ներս, զի ինչքան լավ է, երբ հարիֆներ կան, և «մենք գտնվում ենք ճիշտ պահին ճիշտ տեղում և կարող ենք խլել նրանց վերջին շապիկն ու հացը՝ հանուն Աստծո և ի փառս Հայրենիքի»:

Սա Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռագիրը չէ, սա նրան պարգևատրողի ձեռագիրն է, որի բոլոր ծառայությունների թիկունքում մի չբացահայտված հանցագործություն կա:

Սատանան անգամ գլուխ չի հանի, թե այս մարդկանց այսքան անընդմեջ հանցագործություններին ինքն ի՞նչ ավելացնի, որ Գողգոթայում խաչվածի նման չշնորհազրկվի: Բայց Սատանան կրեատիվի խնդիր ունի՝ իր ամեն առաջարկը՝ փառք, հարստություն և, եթե պետք լինի, նաև անմահություն, էս մարդիկ արդեն ծախում են:

Մեկնաբանել