Փետրվարի 21, 2008. Նստացույց Ազատության հրապարակում

2008-ի փետրվարի 21-ին մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած քաղաքական գործընթացին, Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ կազմակերպեցին նրա «բարոյական թաղումը»։ Վերջիններս իրենց հետ Տեր-Պետրոսյանի տան մոտ էին տարել դուդուկահարներ, սև ցուցապաստառներ, հանդես էին գալիս դամբանական ճառերով ու նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մոտալուտ վախճանն ազդարարող ելույթներով։

Բազմաթիվ տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու նպատակով Տեր-Պետրոսյանի կողմնակիցները դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը սակայն ձգձգում էր դիմումներն ընդունելու ու քննարկելու գործընթացը։ Միևնույն ժամանակ, ԿԸՀ-ն քննարկում ու բավարարում էր մյուս՝ շատ ավելի քիչ ձայն հավաքած նախագահի թեկնածուների նմանատիպ դիմումները։

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փետրվարի 21-ին դարձյալ հանրահավաք սկսեցին Ազատության հրապարակում։ Հավաքն ավելի բազմամարդ էր։ Ոստիկանությունը հավաքի ընթացքում զգուշացնում էր՝ հավաքներն ապօրինի են։ Նրանց պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը, ով այդ օրերին հանրահավաքների կենտրոնական դերակատարներից էր.

«Նրանք մեզ ասում են, թե մեր գործողություններն ապօրինի են։ Ես հարց եմ տալիս. իսկ երբ համազգեստավոր ոստիկանները տեղամասերում ծեծում էին ԱԺ պատգամավորին, դա օրինակա՞ն էր։ Իսկ երբ Նեմեց Ռուբո անունով հանցագործը մարդ էր առևանգում ու պահում պադվալներում, դա օրինակա՞ն էր։ Իսկ երբ Հովհաննես Շահինյան անունով հանցագործը իր հրոսակախմբով հարձակվում էր վստահված անձանց վրա, դա օրինակա՞ն էր։ Իսկ երբ Մխչյանի Մկան լակոտները հարձակվում էին խաղաղ ցուցարարների վրա, դա օրինակա՞ն էր։ Քոչարյանասերժական կլանը իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունում խոսել օրենքից, Հայաստանի Հանրապետությունում մի բարձրագույն օրենք կա, մի բարձրագույն իշխանություն, և այդ իշխանությունը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է»,- ոստիկանությանը պատասխանում էր Փաշինյանը։

Հավաքի մասնակիցները երթեր սկսեցին Երևանի կենտրոնական փողոցներով, իսկ ուժայինները սկսեցին ավելի խիստ վերահսկողության տակ վերցնել վարչական շենքերը։ Հատուկ տեխնիկա կուտակվեց Բաղրամյան պողոտայում։

2008թ․ փետրվարի 21-ին Տեր-Պետրոսյանը հրապարակում հայտարարեց բարձրաստիճան երկու ուժայինների՝ պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի ու Գագիկ Մելքոնյանի՝ ժողովրդին միանալու մասին։

«Երեկ ես հանդիպել եմ պաշտպանության փոխնախարար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ։ Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը և նրան միացած մի այլ փոխնախարար՝ Գագիկ Մելքոնյանը, ժողովրդի անունից, իսկ իշխանությունների անունից Գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում։ Բանակցությունների իմաստը հետևյալն է՝ բանակի հրամանատարությունը՝ հանձինս Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի, հայտարարում է և այդ հայտարարույթունը ես լիազորված եմ ձեզ փոխանցելու… հայտարարում են, որ Մանվել Գրիգորյանը , Գագիկ Մելքոնյանը, որպես բանակի փոխհրամանատարներ, կանգնած են իրենց ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ բանակի ողջ ղեկավարությունը կմիանա փոխնախարարներին։

Ավելի ուշ գեներալները հերքեցին ժողովրդի կողմն անցնելու Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ խորհուրդ տալով Տեր-Պետրոսյանին «չտարածել սադրիչ հայտարարություններ»։ Առաջին նախագահի հայտարարությունը հերքեց նաև պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը.

«Այդ լուրերը կեղծ են, իսկ պաշտպանության նախարարի բոլոր տեղակալները զբաղված են իրենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ես կոչ եմ անում բոլորին` զերծ մնալ նման սադրիչ հայտարարություններից: Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ և կատարում է իր առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները»։

Նույն օրը ՊՆ ղեկավարությունը շնորհավորական ուղերձ հղեց Սերժ Սարգսյանին։

Գեներալների՝ Տեր-Պետրոսյանին աջակցելու այս հայտարարությունից երկու ամիս անց նրանք ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, իսկ այս հայտարարություններից հինգ տարի անց նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը հերքեց, թե այդ օրերին իրենք հանդիպել են առաջին նախագահին։

Ազատության հրապարակում ցույցերը դարձան շուրջօրյա։ Հրապարակ բերվեցին անհրաժեշտ սնունդ, վրաններ, կազմակերպվում էին ֆիլմերի դիտումներ ու հրավառություն։ Հավաքներին մասնակցում ու ելույթներ էր ունենում գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, մարզերից մարդիկ ևս միանում էին նստացույցին։

Չնայած զանգվածային հավաքների առկայությանն ու համընդհանուր դժգոհությանը ՝ փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանի ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձներ հղեցին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Մկրտիչ Կարապետյան

շարունակելի

2008թ․ փետրվարի 20-ի իրադարձությունների մասին կարդացեք այստեղ։

Մեկնաբանել