Գերմանիան անհանգստացած է Վրաստանից ապաստան հայցողների թվի աճով

Գերմանիայի դաշնային կառավարությունն անհանգստացած է Վրաստանից ապաստան հայցողների թվի աճով։ Այդ կապակցությամբ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը դիտարկում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ Եվրամիության մակարդակով որոշակի միջոցների կիրառման հնարավորությունը․ այս մասին գրել է Die Welt պարբերականը։

Թերթի տվյալներով՝ 2017թ․ սեպտեմբերին Գերմանիայում ասպատան է հայցել 238, հոկտեմբերին՝ 355, նոյեմբերին՝ 444, դեկտեմբերին՝ 522 մարդ, 2018-ի հունվարին՝ 745։ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը չի բացառել, որ Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը կարող է կասեցվել, եթե ապաստան հայցողների թիվն աճի։ 

«Դաշնային կառավարությունն ի սկզբանե տատանվում էր՝ արդյոք արժեր Վրաստանի քաղաքացիներին տրամադրել ԵՄ անայցագիր ռեժիմով մուտք գործելու հնարավորություն։ Արտաքին քաղաքականության փաստարկները փայլուն էին․ կովկասյան այդ հանրապետությունն ունի սերտ կապեր Արևմուտքի հետ, սակայն 2016թ․, երբ որոշումն ընդունվեց, ՆԳՆ-ն նախազգուշացնում էր առկա վտանգների մասին։ Հատկապես խնդրահարույց էին վրաստանցի հանցագործները»,- ասված է հոդվածում։

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպում է անցկացրել արտերկրում Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ և քննարկել վերոհիշյալ հարցը։ 

«Մի քանի անդամ-երկրներ մտահոգություն են հայտնել այն առնչությամբ, որ նախևառաջ նկատելիորեն աճել է Վրաստանից ապաստան հայցողների թիվը, երկրորդ, դրա հետ մեկտեղ մեծացել է քրեական ակտիվությունը։ Դրանք երկու այնպիսի գործոններ են, որոնք կարող են հանգեցնել կասեցման մեխանիզմի գործարկման»,- հանդիպումից հետո ասել է ԵՄ-ում, Բելգիայի թագավորությունում և Լյուքսեմբուրգում Վրաստանի դեսպան Նատալյա Սաբանաձեն։ 

Վերջինս ասել է, որ մեխանիզմի գործարկման մասին խոսք դեռ չկա․ քննարկվում է այն հարցը, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել միտումը փոխելու համար։ 

Կարդացե՛ք նաև՝ Եվրամիությունը շտկում է Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը