Բաքվին դուր չի եկել Փարիզի հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության կողմից Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» վերաբերյալ հայտարարության արձագանքին։

«Ֆրանսիային և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին պետք է լրջորեն անհանգստացնեն Հայաստանի ապօրինի գործողությունները, այդ թվում՝ օկուպացված տարածքներում ժողովրդագրական պատկերի փոփոխությունն ու ադրբեջանցի ժողովրդի մշակութային-նյութական և կրոնական ժառանգության ոչնչացումը»,- ասված է Բաքվի մեկնաբանությունում։ 

Ինչպես գրում է Turan գործակալությունը, «Բաքուն անհանգստացած է Ֆրանսիայի շրջանների ու Լեռնային Ղարաբաղի միջև կապերի հաստատմամբ»՝ «հակառակ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ու ՆԳՆ-ի շրջաբերականի և Փարիզի՝ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակի»։

***

Ֆրանսիայի արտգործնախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Երևանը, Զանգեզուրը ադրբեջանական պատմական հողեր են, և Ադրբեջանը մի օր դրանք կվերադարձնի»։

Փետրվարի 20-ին Ֆրանսիայի արտգործնախարարությունում մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել այդ հայտարարությունը։

«Ֆրանսիան հստակ ներգրավված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված լուծման որոնումների գործում։ Ֆրանսիան կոչ է անում հակամարտության կողմերին բարի կամք դրսևորել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և ձեռնպահ մնալ որևէ հայտարարությունից և գործողությունից, որը կարող է ավելի սրել լարվածությունը»։ 

Ավելի վաղը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն արձագանքել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ  [Ալիևի] հայտարարությունը չի նպաստում լարվածության թուլացմանը։

Փետրվարի 8-ին ելույթ ունենալով իր ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Երևանը, Զանգեզուրը, ադրբեջանական տարածքներ են և իրենք մի օր կվերադարձնեն դրանք»։

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ալիևի հայտարարությունը որակել էր «զառանցանք»։