Եվրամիությունը 2017-2020թթ. Հայաստանին կհատկացնի մոտ 160 մլն եվրո

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր Բրյուսելում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունները, այդ թվում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ծրագրերը:

Ինչպես փոխանցում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, հանդիպման կապակցությամբ կողմերը ստորագրեցին ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները, որոնք ներառում են համագործակցության հիմնական ոլորտները նաև նոր համաձայնագրի համատեքստում:

Համագործակցության չորս հիմնական ուղղություններն են՝

  • հաստատությունների հզորացում և պատշաճ կառավարում,
  • տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ,
  • միակցվածություն, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմա, 
  • շարժունակություն ու մարդկանց միջև շփումներ:

Գործընկերության առաջնահերթությունները նաև Հայաստանի համար ԵՄ օժանդակության հիմքն են: ԵՄ-ն 2017-2020 թթ. ընթացքում Հայաստանին կհատկացնի մոտ 160 մլն եվրո:

2017թ․ նոյեմբերին Հայաստանը ստորագրեց Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։