ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր Բրյուսելում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունները, այդ թվում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ծրագրերը:
Ինչպես փոխանցում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, հանդիպման կապակցությամբ կողմերը ստորագրեցին ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները, որոնք ներառում են համագործակցության հիմնական ոլորտները նաև նոր համաձայնագրի համատեքստում:
Համագործակցության չորս հիմնական ուղղություններն են՝
- հաստատությունների հզորացում և պատշաճ կառավարում,
- տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ,
- միակցվածություն, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմա,
- շարժունակություն ու մարդկանց միջև շփումներ:
Գործընկերության առաջնահերթությունները նաև Հայաստանի համար ԵՄ օժանդակության հիմքն են: ԵՄ-ն 2017-2020 թթ. ընթացքում Հայաստանին կհատկացնի մոտ 160 մլն եվրո:
2017թ․ նոյեմբերին Հայաստանը ստորագրեց Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։