«Կոռուպցիայի ընկալման համաթվում» Հայաստանը էական փոփոխություն չի գրանցել

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը պատրաստել է 2017թ․ «Կոռուպցիայի ընկալման համաթիվը» զեկույցը։ Հայաստանի ԿԸՀ 2017թ. արժեքն է 35, նա Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ միասին 180 երկրների շարքում կիսում է 107-ից 110-րդ տեղերը: Կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությամբ՝ 0 միավորը նշանակում է բացարձակ կոռումպացված, 100 միավորը նշանակում է բացարձակ մաքուր։

Նախորդ՝ 2016թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 33 և այդ արժեքով նա 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը: Նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված ստանդարտ սխալի չափը (3.79), կարելի է պնդել, որ 2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը: Միևնույն ժամանակ, ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը առաջադիմել է 6 տեղով, իսկ եթե դասակարգման 2017թ. աղյուսակից հանենք բոլոր այն երկրները (թվով 4 երկիր), որոնք ընդգրկված չեն եղել 2016թ. դասակարգման աղյուսակներում, ապա առաջընթացը կկազմի 9 տեղ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ (տես 2017թ. ԿԸՀ համապատասխան տարածաշրջանի աղյուսակը): Այդ տարածաշրջանի մեջ ներառված են Եվրամիության անդամ չհանդիսացող բալկանյան երկրները (Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո), նախկին խորհրդային հանրապետությունները, բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից և Թուրքիան:

Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը Մակեդոնիայի հետ կիսում է 9-10-րդ տեղերը (2016թ. նա զբաղեցնում էր 10-րդ տեղը): Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2017թ. համաթիվը հավասար է 56-ի (2016թ. 57-ի փոխարեն կամ նահանջ 1 միավորով), որը դարձյալ ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, և Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2017թ.  նույնպես ունեցավ բարելավում (2016թ. 40-ից մինչև 44 2017թ.` կամ աճ 4 միավորով):  

Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաև Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի: Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի 2017թ. ԿԸՀ համաթվերը 2016թ. համեմատ բարելավվել են  1-ական միավորով, հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) և 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին:

Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես, Ռուսաստանի ԿԸՀ արժեքը մնացել է 29 միավոր (135-ից 142-րդ տեղեր): Այս տարի նրան հավասարվել է Ղրղզստանը՝ առաջադիմելով 1 միավորով: Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 2 միավորով՝ դառնալով 31 (122-ից 129-րդ տեղեր):

  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթիվը հրապարակվում է 1995-ից։
  • 2017թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) դասակարգել է 180 երկրներ և տարածքներ ըստ այն բանի, թե փորձագետները և գործարարները որքանով կոռումպացված են ընկալում այդ երկրների հանրային ոլորտը (պետական և համայնքային մարմինները):
  • ԿԸՀ-ն չափվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ այդ ոլորտն ընկալվում է բացարձակ կոռումպացված, իսկ 100-ը` բացարձակ մաքուր:
  • 2017թ. համաթվերը ցույց են տալիս, որ աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից փոքր են, իսկ ԿԸՀ միջին արժեքը հավասար է 43-ի:
  • 2017թ. ԿԸՀ ամենաբարձր արժեքներ գրանցել են Նոր Զելանդիան և Դանիան` համապատասխանաբար 89 և 88 միավոր:
  • Ամենացածր արժեքները գրանցել են Սիրիան, Հարավային Սուդանը և Սոմալին՝ համապատասխանաբար 14, 12 և 9:
  • Տարածաշրջանների կտրվածքով ամենալավ արդյունքները ցույց է տվել Արևմտյան Եվրոպան, որի ԿԸՀ միջին արժեքը հավասար է 66-ի: Ամենավատ արդյունքներ գրանցել են Անդրսահարյան Աֆրիկան (ԿԸՀ միջին արժեքը` 32) և Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան (ԿԸՀ միջին արժեքը` 34):