Աղդամից ադրբեջանական գրոհ Ասկերանի ուղղությամբ. 1988-ի փետրվարի 22

Վիտալի Բալասանյանի համար 1988-ի փետրվարի 22-ի առավոտը սովորական օր էր: Քիչ անց, սակայն, տեղեկանում է, որ շրջկոմի բակում իրարանցում է, ժողովուրդ է հավաքվում:

«Մենք նույնպես մի քանի հոգով միացանք: Կեսօրին մոտ շենքից դուրս եկավ մի կին և ասաց, որ ադրբեջանցիներն Աղդամի կողմից հարձակվել են Ասկերանի ուղղությամբ: Քիչ անց տեսանք, որ Ասկերանից 4-5 կմ հեռավորության վրա տարբեր տեղերից ծուխ է բարձրանում: Մեզ մոտեցավ կոլտնտեսության գյուղատնտեսը և ասաց, որ ադրբեջանցիները մի քանի հարյուրների հասնող խմբերով շարժվում են դեպի Ասկերան` ճանապարհին վառելով ամեն ինչ»,- հիշում է Արցախի հերոս Բալասանյանը:

Թե ո՞րն էր աղդամցիների` Ասկերան շարժվելու դրդապատճառը, շարունակում է մնալ վիճելի: Առաջ են քաշվում տարբեր վարկածներ, բայց հիմնականը մնում է մեկը. ադրբեջանցիները փորձում էին ի պատասխան ԼՂ-ում սկսված հանրահավաքների, Հայաստանին միանալու կոչերի` վախեցնել հայերին:

«Չորս հոգով էինք` ես, եղբայրս, Յուրի Իվանովը և Սեմյոն Պետրոսյանը: Յուրիի հետ պայմանավորվեցինք շուտ մտնել տուն, վերցնել հրացանները և հանդիպել գարեջրի գործարանի մոտ: Երբ հասանք այնտեղ, ազերիները համարյա հասել էին գործարանին: Դեպի աջ` այգիների մեջ, մենք մոտ 100-150 մետրի վրա սկսեցինք կրակել, իսկ ձախ թևն արդեն մտել էր հարևան հիմնարկության բակը: Մենք բաժանվեցինք և սկսեցինք կրակել նաև ձախ ուղղությամբ, այդ պահին մեզ միացան նաև Ասկերանի բնակիչներ, ներքին գործերի աշխատակիցներ, հանրահավաքի մասնակիցներ»,- ասում է Բալասանյանը:

Բաքվում այլ կերպ են մեկնաբանում Ասկերանի մերձակայքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումը: Պատմաբան Արիֆ Յունուսովին և նրա գործընկերոջը, ովքեր փաստեր էին հավաքում ղարաբաղյան իրադարձությունների մասին, այդ օրերին հրավիրում են հանրապետական հիվանդանոց, որպեսզի արձանագրվի Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հանրակացարանում կատարվածը: Գլխավոր բժիշկը Յունուսովին և գործընկերոջը թույլ չի տալիս տեսակցել երկու ադրբեջանուհիներին, որոնք բռնաբարվել էին Ստեփանակերտում: Հիվանդանոցի քույրերը հաստատել են, որ հանրակացարանի վրա հարձակում է եղել, աղջիկներին բռնաբարել են, և նրանք շատ վատ վիճակում են:

Թե ինչքանո՞վ է Յունուսովի պնդումը մոտ իրականությանը, այսօր անհնար է ճշտել: Համենայնդեպս, ժամանակին ո’չ ադրբեջանական և ո’չ էլ միութենական մամուլում ոչինչ չի գրվել: Ավելին, միայն 90-ական թթ. սկզբներին է «երկու ադրբեջանուհիների բռնաբարության՚»վարկածը դրվել շրջանառության մեջ, և մինչև այսօր, բացի Յունուսովի ոչ համոզիչ տեղեկություններից, այլ աղբյուրներ չեն հաստատում:

Ադրբեջանցիների հարձակումը կարճատև բախումներից հետո Ասկերանի մոտ կանխվում է: Երկու կողմերից մի քանի տասնյակ մարդ վիրավորվում է, երկու ադրբեջանցի սպանվում, որոնցից մեկը` հավանաբար ղարաբաղյան կողմից արձակված գնդակից:

«Ադրբեջանցիները եկել էին քարեր բարձած բեռնատար մեքենաներով, զինված էին երկաթյա ձողերով, միգուցե զենք էլ ունեին, մենք չտեսանք: Երբ մենք կրակ բացեցինք, տեսանք, որ առաջին շարքերից ադրբեջանցիները գոռալով հետ են փախչում: Մեզ հաջողվեց հետ մղել ադրբեջանական խաժամուժի հարձակումը: Մի քանի օր հետո պարզվեց, որ նրանք տվել են մեկ զոհ և մի քանի տասնյակ վիրավորներ»,- պատմում է Բալասանյանը:

Ռուս հեղինակ Ալեքսանդր Վասիլևսկին, ով Լեռնային Ղարաբաղ էր մեկնել 1988թ. ապրիլի վերջերին, «Ավրորա» ամսագրում կասկածի տակ է դնում ադրբեջանական և միութենական լրատվամիջոցների պնդումները, որ Ասկերանի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված երկու ադրբեջանցիներին սպանել են հայերը: Վասիլևսկին հանդիպում է սպանվածներից մեկի` Ալի Հաջիևի եղբորը` Արիֆին: Վերջինս պատմում է, որ Ալին վիճաբանության մեջ է մտել ադրբեջանցի մի ոստիկանի հետ, որն էլ կրակել և սպանել է եղբորը:

«Անկասկած, առնվազն նրանցից մեկի՝ Աղդամի գործարանի 22-ամյա հաստոցագործ Ալի Հաջիևի սպանության հետ հայերը կապ չունեն: Ալիի եղբայրը` 29-ամյա ինժեներ-շինարար Արիֆ Հաջիևը պատմեց. «Ալիի վրա կրակել է մի ադրբեջանցի ոստիկան: Կրակոցը դիմացից էր, գնդակը ծակել է սիրտը: Եղբորս և ոստիկանի միջև վեճ է առաջացել: Հետո Ալին ընկել է իր մտերիմ Ուլվիյա Բահրամովայի կրծքին ու ասել․ «Պահի’ր, ինձ վրա կրակեցին»: Եվ ընկել է: Ուլվիյան տեսել է ոստիկանին, ով կրակել է: Ուլվիյան նրան չի ճանաչում, բայց լավ ճանաչում է մյուս սպային` աղդամցուն, ով անմիջապես կրակողին նստեցրել է մեքենան և հեռացել: Վերջերս մոսկվացի փոխգնդապետ Նիկոլաևն ասաց, որ այժմ նոր հետաքննություն է սկսվել: Թերթում հայտարարություն է տրվել` սպանության վկաներին ներկայանալու ոստիկանություն»,- գրում է Վասիլևսկին:

Բախումների ընթացքում մյուս զոհը` 16-ամյա Բախտիար Ալիևը, ամենայն հավանականությամբ, սպանվել է ասկերանցիների որսորդական հրացաններից կամ ներքին գործերի աշխատակիցների զենքերից արձակված գնդակից:

Զոհերի մասին տեղեկությունն ավելի է զայրացնում, աղդամցիները մի քանի բեռնատարներով պատրաստվում են շարժվել դեպի Ստեփանակերտ` վրեժ լուծելու: Կոլտնտեսության նախագահ Խուրաման Աբասովան մագլցում է բեռնատարներից մեկը, հանում գլխաշորը և նետում ամբոխի դիմաց: Ադրբեջանական սովորույթները թույլ չեն տալիս տղամարդկանց այլևս առաջ շարժվել, երբ կինը դիմում է նման քայլի: Աբասովան զսպում է կատաղած ամբոխին Ստեփանակերտ շարժվելուց: Աբասովայի այս միջամտությունը հավանաբար կանխում է նոր արյունահեղությունը:

Բալասանյանը, սակայն, որ բախման օրը եղել է իրադարձությունների կենտրոնում, Աբասովայի պատմությանը թերահավատորեն է վերաբերվում: «Խուրաման բաջիի մասին հայտնի դեպքը, որ իբր հանել, շպրտել է ոսկեզօծ գլխաշորը, հնարված է: Ֆետիշացրել են, թե նա’ եկավ, կանգնեցրեց աղդամցիներին: Ասկերանցիներն են ամբոխին կանգնեցրել: Խուրաման բաջին, ադրբեջանցիների պատմելով, այն վայրից, որտեղ կանգնեցվել է ամբոխը, մի քանի կմ հեռու է եղել: Ասկերանի դեպքերից հետո ադրբեջանցիները գտան հայերի թույլ տեղը՝ Սումգայիթը»,- ասում է Բալասանյանը:

Ադրբեջանցի գիտնական և Ժողճակատի հիմնադիրներից Զարդուշտ Ալիզադեն գրում է. «Բարդայից և Աղդամից ամբոխը շարժվեց դեպի Ստեփանակերտ`«ՙհայերին խելքի բերելու»: Ասկերանի մոտ ամբոխը կանգնեցվեց, սպանվեցին երկու երիտասարդներ: Հստակ հայտնի է, որ նրանցից մեկին սպանել է ադրբեջանցի ոստիկանի փամփուշտը: Սպանվածների մասին մամուլում գրեթե ոչինչ չասվեց, փոխարենը շատ գրվեց Խուրաման Աբասովայի արարքի մասին, ով իբր ձեռքի մի շարժումով կարողացել էր կանգնեցնել ադրբեջանցի կատաղած տղամարդկանց վիթխարի ամբոխը` պարզապես նրանց ոտքերի տակ նետելով գլխաշորը` կանացի պատվի խորհրդանիշը: Պատմում են, որ ամբոխին զսպելու հարցում մեծ դեր է կատարել նաև Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Հասան Հասանովը, ով ծունկի է իջել ու մարդկանց աղաչել չգնալ առաջ:

Համենայն դեպս, Խուրաման բաջին գովերգվում է Խորհրդային Միությունում: Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն նրա սխրանքին բանաստեղծություն է նվիրում: Հայ բանաստեղծ Վահագն Դավթյանը բաց նամակով իր հիասթափությունն է հայտնում: «Բայց ինչո՞ւ է միայն դա, այն էլ քանիցս, կրկնվում միութենական մամուլում, փոխարկվում լեգենդի, արժանանում նույնիսկ չափածո խոսքով տարփողելու բախտին: Ինչո՞ւ ասենք, չի գրվում մի այլ կնոջ` Սումգայիթի քաղկոմի երկրորդ քարտուղար Բայրամովայի մասին, որը մի առավել հոծ ու առավել կատաղի ամբոխի գլուխ անցած, առաջնորդել է նրանց` կոչ անելով մորթել, սպանել, ոչնչացնել բոլոր հայերին»,- հարցնում է Դավթյանը:

Ասկերանի դեպքերի մասին 1992թ. ԵԱՀԿ պատրաստած միջնաժամկետ զեկույցում ասվում է. «Ցուցարարների երթն Աղդամից, որը պետք է կրեր խաղաղ բնույթ, բերեց առաջին կրակոցներին: Սպանվեցին երկու երիտասարդ ադրբեջանցիներ: Վեճը նրանում է, թե ով կրակեց: Հայերը պնդում են, որ դա ոստիկանությունն էր, մինչդեռ ամբողջ Ադրբեջանով տարածվեց, որ նրանց սպանել են հայերը»:

Հատված Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքից։

Լուսանկարը՝ Վալերի Պետրոսյանի, Ասկերան, 1988

Մեկնաբանել