Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ

Փետրվարի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին:

Ինչպես հաղորդում է Մայրթ Աթոռի տեղեկատվական համակարգը, Լիբանանի նախագահը, իր ուրախությունն արտահայտելով Սուրբ Էջմիածին այցի առիթով, հույս է հայտնել, որ իր այցը «բարեկամ երկիր դրական արդյունքներ կբերի հայ-լիբանանյան հարաբերությունների առավել զարգացման գործում»:

Աունը ասել է, որ քաջածանոթ է հայոց պատմությանը և մշակույթին, ինչի արդյունքում հայ ժողովրդին ճանաչում է որպես ամուր հավատք ունեցող խիզախ ժողովրդի: Խոսելով Լիբանանում հայկական համայնքի մասին՝ Միշել Աունը նշել է, որ այն մեծ ներդրում ունի երկրի կյանքում, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում: