«Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին վնասում է երկու գործընթացներին»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Նալբանդյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան կարգավորմանը։ 

Նալբանդյանի խոսքով՝ Բեռլինի պատի անկումից գրեթե երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը: Հայ-թուրքական արձանագրությունների տորագրումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից,  Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` հիմնված ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա:

«Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին կամ հարաբերությունների կարգավորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծվել է ողջ միջազգային հանրության կողմից»,- ասել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը չէր պահանջում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման: 

«Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու ժողովուրդների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը հաջողությամբ պսակվի։ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպես անցյալ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծել է ՀՀ նախագահ Սարգսյանը . «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին»,- հայտարարել է Նալբանդյանը։

Ղարաբաղյան կարգավորման մասով արտգործնախարարն ասել է․ «Մեկընդմիշտ պետք է հստակեցվի, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բանակցային լուծումը, որը ներառում է համանախագահների կողմից որպես հիմնախնդրի կարգավորման հիմք առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքները, այլընտրանք չունի»։

***

Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից:

«Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»,- ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող «առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին»:

 

Լուսանկարում՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով, 2009թ․