Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել կալանավորումը։ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հետախուզման պատճառ է հանդիսանում Կարապետյանի կողմից «Ադրբեջանի պետական սահմանի բազմակի կանխամտածված խախտումը», Լեռնային Ղարաբաղի հանրապետության «օգտին քարոզչությունը միջազգային մակարդակով»։

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ Կարապետյանը իր նկատմամբ քրեական հետապնդումն անվանել է «անհեթեթ»։

«Ադրբեջանի նման անհեթեթ նախաձեռնությունները ոչ այլ ինչ են, քան հուսահատության նշաններ։ Գուցե լավ կլիներ նրանց հիշեցնել, որ վերջերս Ինտերպոլը հերքել էր Եվրախորհրդարանի երեք անդամների նկատմամբ Ադրբեջանի կողմից հայտարարված հետախուզման փաստը։

Չկան համապատասխան միջազգային իրավական նորմեր, որոնք կարող են խոչընդոտել Եվրոպայի որևէ քաղաքացու այցը Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Դա նրանց իրավունքն է։ Եվրամիության Խորհուրդը հստակ հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչները պետք է անվերապահ մուտք ունենան Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։

Հետևաբար խորհուրդ եմ տալիս Ադրբեջանի կառավարությանը ժամանակ չվատնել նման անօգուտ նախաձեռնությունների վրա և զբաղվել իրենց երկրում մարդու իրավունքների ոտնահարումներով»,- հայտարարել է Կարապետյանը։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է Ադրբեջանի այս քայլին։

Իր էջում Մելիքյանը ներկայացրել է հարցի շուրջ մի քանի դատողություններ՝ նշելով, որ քրեական հետապնդումն «ակնհայտորեն կրում է քաղաքական բնույթ և նպատակաուղղված է սահմանափակելու դեպի Արցախ ազատ տեղաշարժն ու Արցախի վերաբերյալ ազատ խոսքը»։

Լուսանկարում՝ Գասպար Կարապետյանը (ձախից) և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը

Մեկնաբանել