Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում է։
«Իրանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը»,- իրանական Press TV-ն մեջբերում է Հաթամիին։ Վերջինս շեշտել է, որ «Իրանը հանձնառու է իր հարևանների անվտանգությանը և կօգնի նրանց պահպանել այն»։
Press TV-ի փոխանցմամբ՝ Հասանովը ասուլիսին ասել է, վկայակոչելով Հաթամիին, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանը հակված է դրա կարգավորմանը՝ «պաշտպանելով Ադրբեջանի ինքնիշխանությունը»։
Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես, Turan գործակալությունը, մեջբերելով Հաթամիին, նրան վերագրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու» մասին հայտարարություն։
Կողմերը, ըստ երկու երկրների լրատվամիջոցների, պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում և նախատեսում են ընդլայնել համատեղ ռազմական և պաշտպանական ծրագրերը։
Բաքվում Ամիր Հաթամին հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ։