Սպառնո՞ւմ են արդյոք ԱՄՆ պատժամիջոցները Հայաստանին

Eurasianet.org-ում հրապարակվել է Ջոշուա Կուչերայի հոդվածը։ Հեղինակն անդրադառնում է ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին այն երկրների նկատմամբ, որոնք ռազմական գործարքներ են կնքում Ռուսաստանի հետ։ Հայաստանը և Ադրբեջանը այդ երկրներից են։ Հեղինակը փորձում է հասկանալ, թե արդյոք Հայաստանին սպառնում են ԱՄՆ պատժամիջոցները։

Միացյալ Նահանգները, ըստ լուրերի, Հայաստանին և այլ երկրների տեղեկացրել է, որ վերջիններս կհայտնվեն պատժամիջոցների վտանգի տակ, եթե շարունակեն գնել ռուսական ռազմական տեխնիկա: Սակայն պատժամիջոցների մասշտաբները այնքան մեծ են, որ դրանք պարտադրելը գրեթե անհնար է, ինչը ամերիկյան սպառնալիքը հիմնականում անատամ է դարձնում։

Հունվարի վերջին ուժի մեջ մտան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք թույլ կտան ֆինանսական պատժամիջոցներ սահմանել բոլորի նկատմամբ, որոնք «կներգրավվեն Ռուսաստանի կառավարության պաշտպանության կամ հետախուզության ոլորտների մաս հանդիսացող կամ նրանց անունից գործող անձանց հետ նշանակալի գործարքների մեջ»։

Ռուսաստանը աշխարհում զենք-զինամթերք արտահանող երկրների շարքում երկրորդն է, ուստի տեսականորեն ռիսկի տակ գտնվողների ցանկը հսկայական է: Սակայն սպառնալիքը կարծես թե արձագանք է ստացել մասնավորապես Հայաստանում, որը մեծապես հենվում է ռուսական զենքի վրա, բայց նաև ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ։

«Հայկական Ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ Երևանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Հայաստանի կառավարությանը, որ այն ևս կարող է հայտնվել պատժամիջոցների վտանգի տակ: «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությանն ասել են, որ Հայաստանն այս առումով առանձնացված չէ։

«Մենք իրականացնում ենք ԱՄՆ կոնգրեսի կողմից «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ակտով ընդունված օրենսդրությունը` նպատակ ունենալով ստիպել Ռուսաստանին փարատել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի, այլ երկրների ներքին գործերին միջամտության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մեր կասկածները,- «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է դեսպանատունը:- Օտարերկրյա կառավարությունները և մասնավոր ընկերությունները տեղեկացվել են, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ կնքված զգալի գործարքները կարող են հանգեցնել պատժամիջոցների կիրառմանը»։ Պարզ չէ, թե ով է ստացել նման նախազգուշացում:

Պատասխանելով պատժամիջոցների հնարավորության մասին հարցին՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ շահարկումները վաղաժամ են: «Եկեք առաջ չանցնեն: Մենք վերահսկում ենք իրավիճակը, միաժամանակ ցանկանում ենք պահպանել այս ոլորտում հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դա մեր անվտանգության կարևոր մասն է»:

Բայց Հայաստանը միակ երկիրը չէ, որ վտանգի տակ է։ Հետխորհրդային տարածքում գրեթե բոլոր երկրները, այդ թվում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանը (բացառությամբ Վրաստանի ու Ուկրաինայի) ռուսական զենք են գնում: Էլ չենք խոսում աշխարհի տասնյակ այլ երկրների մասին, ներառյալ ԱՄՆ-ի կարևոր գործընկերներ Հնդկաստանն ու Իրաքը։ Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սիմոն Թ. Ուիզմանի (Siemon T. Wezeman), այդ մասշտաբները կդժվարացնեն պատժամիջոցների իրականացումը։

«Վստահ չեմ, թե ինչպես է այդ ամենն աշխատելու, բայց այն կլինի ընտրողաբար և ըստ առանձին դեպքերի, ու ամենայն հավանականությամբ կվերաբերի այն երկրներին, որոնց հետ ԱՄՆ-ն արդեն իսկ խնդիրներ ունի»,- ասել է Ուիզմանը Eurasianet.org-ի հետ հեռախոսազրույցում: Ըստ նրա՝ խոսքը չի վերաբերի ԱՄՆ ռազմավարական գործընկերներից ոչ մեկին՝ մոտ կամ նույնիսկ հեռու դաշնակիցներին, եթե դա իր շահերից չի բխում։ Հայաստանը, ըստ փորձագետի, հավանաբար ապահով կլինի:

Հայաստանը հավանաբար պաշտպանության տակ կլինի, քանի որ Վաշինգտոնը հասկանում է երկրի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, ասել է Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան Սուրեն Սարգսյանը: «Նման իրավիճակ էր նաև այն ժամանակ, երբ Իրանը միջազգային պատժամիջոցների տակ էր, և ԱՄՆ-ն աչք փակեց Երևանի ու Թեհրանի համագործակցության բազմաթիվ կողմերի վրա՝ հասկանալով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Իրանը միակ միջանցքներից է արտաքին աշխարհ», – ասել է նա EADaily-ին:

Այնուամենայնիվ, անորոշությունը ստիպում է դաշնակիցներին մտածել Ռուսաստանի հետ իրենց գործարքների մասին: «Նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից զինամթերք գնող ցանկացածի վրա։ Թրամփը դեռ նման պատժամիջոցներ չի կիրառել, և դա հետաքրքրություն է առաջացնում այդ հարցում Թրամփի քաղաքականության շուրջ: Դժվար է հասկանալ», – Eurasianet- ին ասել է Փենսիլվանիայի համալսարանում հետխորհրդային արտաքին հարաբերությունների գծով փորձագետ Միտչել Օրենշտեյնը:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ մտադիր չէ անմիջապես պատժամիջոցներ կիրառել, բայց ինքնին սպառնալիքն արդեն իսկ կատարում է իր գործը։ «Մենք Կոնգրեսին տեղեկացրել ենք, որ այդ օրենսդրությունը և դրա իրականացումը արդեն իսկ խոչընդոտում են ռուսաստանյան զինամթերքի վաճառքը,- ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերը Reuters-ին:- Օրենսդրության ուժի մեջ մտնելուց ի վեր, ըստ մեր գնահատականների, օտարերկրյա կառավարությունները հետ են կանգնել Ռուսաստանից մի քանի միլիարդ դոլարի ծրագրված կամ հայտարարված գնումներից»:

Ուիզմենը թերահավատորեն է մոտենում նրան, որ ծրագրված միլիարդավոր դոլարների գործարքներ չեն իրականացել։ Նա նշում է, որ մեծ գործարքների չեղարկումներ չեն եղել:

Ոմանք այստեղ աշխարհաքաղաքական անկյուն են տեսնում: « Ռուսաստանի, ռուսական ռազմական արդյունաբերության հետ կապերի նման ակնհայտ սահմանափակումը ճնշման կարևոր աղբյուր կլինի այնպիսի պետությունների վրա, ինչպիսին Հայաստանն են ու Ադրբեջանը, որոնք ներկայում Ռուսաստանի ազդեցության ոլորտում են»,- ասել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պատժամիջոցները «ԱՄՆ-ի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շուկայում անարդար մրցակցություն» են:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարում՝ Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրում են առևտրային համաձայնագիր, Վաշինգտոն, մայիս, 2015

Մեկնաբանել