Ծագումնաբանությունը թուրքերին գրավում է, բայց վախեցնում

Թուրք լրագրող Ֆեհիմ Թաշթեքինը (Fehim Tastekin), որը նախկինում գրել է «Ռադիկալ» և «Հուրիեթ» թերթերի համար, հոդված է հրապարակել մերձավորարևելյան խնդիրները լուսաբանող Al-Monitor կայքում։ Նա անդրադառնում է Թուրքիայի բնակչության ռեգիստրի կայքի գործարկմանը, որտեղ մարդիկ կարողանում են ստուգել իրենց ծագումնաբանությունը։ Սա Թուրքիայում բուռն քննարկման թեմա է դարձել, քանի որ շատ-շատերը, որոնք իրենց համարում են զտարյուն թուրք, հանկարծ հայտնաբերում են իրենց հայկական, հունական, հրեական և այլ արմատները։

Այն օրերին, երբ Թուրքիան դեռ հույս ուներ անդամակցել Եվրամիությանը, նրա ժողովուրդը ավելի պատրաստակամ էր քննարկել իր էթնիկ և կրոնական ծագումը: Այդ ժամանակվանից ի վեր երկիրը վերադարձել է մի փուլի, երբ կառավարության ջանքերով մարդկանց պախարակում ու պիտակավորում են որպես «ծպտյալ հայեր»:

2004 թ. «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը գրեց թուրքական ծագմամբ առաջին կին ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենի հայ ծնողների մասին։ Իր այս և նմանատիպ այլ հոդվածների պատճառով Դինքին սկսեց հետաքննել արդարադատության նախարարությունը։ Նա սպանվեց 2007 թ., և պատճառների թվում այն էր, որ նա հայերին առնչվող հարցերի ակտիվ ջատագովն էր։

Դինքի պատմությունը ցույց է տալիս, թե ինչու մինչև վերջերս Թուրքիայում բնակչության գրանցամատյանները գաղտնի էին պահում: Մարդկանց ծագման մասին տվյալների գաղտնիությունը համարվում է ազգային անվտանգության հարց։

Այս գաղտնիության համար երկու հիմնական պատճառ կար՝ թաքցնել փաստը, որ բազմաթիվ հայեր, ասորիներ, հույներ և հրեաներ մահմեդականություն էին ընդունել, և խուսափել «թուրք լինելու» մասին բանավեճերից:

Երկար ժամանակ պաշտոնական քաղաքականությունն այն էր, որ Թուրքիայում թուրքերը միասնական էթնիկ ինքնություն են ձևավորել: Սակայն երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 8-ին, հանրության համար պաշտոնապես բացվեցին բնակչության ռեգիստրները՝ ծագումնաբանական տվյալների առցանց շտեմարանի միջոցով http://www.hurriyetdailynews.com/turkeys-genealogy-service-prompts-spike-in-double-citizenship-enquiries-127488: Կայքը մեծ թվով օգտատերերի պատճառով անհասանելի դարձավ։ Որոշ մարդիկ, ովքեր միշտ պարծենում էին իրենց «մաքուր» թուրքական ծագմամբ, ցնցված էին՝ իմանալով, որ իրականում էթնիկ և կրոնական այլ արմատներ ունեն:

«Կբացահայտվեն ծպտյալ հայերը, հույներն ու հրեաները», «դավաճաններն ի վերջո կիմանան իրենց ծագումը» հայտարարությունները սովորական դարձան սոցիալական կայքերում:

Թուրքական հասարակության մեջ ծագումնաբանությունը մշտապես ոչ միայն արդիական թեմա, այլև սոցիալական և քաղաքական բաժանման գործիք է եղել: Ընտանիքները հաճախ ընդունում էին իրենց հայկական ծագումը կամ այն, որ իրենց հեռավոր ազգականը իսլամ է ընդունել, բայց այդ խոսակցությունները միշտ գաղտնի էին պահվում: Թուրքիայում կրոնափոխ լինելը խարան էր, որը չի կարող ջնջվել:

Էթնիկ հայ սյունակագիր Հայկո Բաղդատը Al-Monitor-ին ասել է. «1915 թվականի ցեղասպանության ընթացքում զանգվածային կրոնափոխությունների հետ միաժամանակ աքսորվում էին հազարավոր երեխաներ: Նրանք, ովքեր կարողանում էին օտարերկրյա միսիոներներին հասնել, փրկվում էին արտերկրում, իսկ ոմանց էլ գողանում էին թափառող ավազակախմբերը, դարձնում հարճեր կամ ստրուկներ։ Հասարակությունը դեռ պատրաստ չէ բախվել այս իրականության հետ: Պատկերացրեք, որ մի մարդ, ով այս երկրի կրոնական գործերի ղեկավարն է եղել [Լութֆի Դոգանը], 1915-ից հետո Հայոց պատրիարք ծառայած [Սինոզկ Կալուստյանի] եղբայրն է։

Նա շարունակում է. «1961 թ. Բեյրութից Թուրքիա վերադարձած Կալուստյանը հիշվում է հայոց պատրիարքարանում որպես սուրբ և որպես մեկը, ով Պատրիարք է եղել 1915-ից հետո դժվարագույն ժամանակներում։ Ցեղասպանության ժամանակ մայրը երեխաներին հեռու է ուղարկում և ընդունում իսլամ: Հետագայում նա ամուսնանում է Դոգան անունով մարդու հետ, որը սոցիալական բարձր դիրք ուներ, և ունենում է երկու աղջիկ ու մի տղա։ Տղան Լութֆի Դոգանն էր»:

Հասարակության մտածելակերպը շատ հստակ էր։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքը մի անգամ ասաց. «Մեզ մեղադրում են հրեաներ, հայեր կամ հույներ լինելու մեջ»:

Կան մարդիկ, ովքեր վախենում էին, որ բնակչության ռեգիստրներից ձեռք բերված տվյալները կարող են օգտագործվել հայտնիներին և քաղաքական գործիչներին խարանելու կամ լինչի դատաստանի ենթարկելու համար: Տվյալների շտեմարանը փակելուց հետո նրանք հանդես եկան դրա վերականգնման դեմ: Նրանցից մեկը Թայֆուն Աթայն էր՝ «Ջումհուրիյեթ» թերթի սյունակագիր։

«Ինձ ընկերաբար խորհուրդ տվեցին չընդունել, որ ես վրացի եմ: Դա ճնշման ամենամեղմ ձևն էր: Իսկ ինչ կլինի այն անձանց հետ, ովքեր իմանում են, որ հայկական կամ կրոնափոխ արմատներ ունեն։ Պարզապես պատկերացրեք՝ դու համոզված ես, որ կարմրարյուն թուրք ես, բայց պարզվում է՝ զտարյուն հայ ես։ Պատկերացրեք հասարակական հետևանքները», – գրել է նա փետրվարի 12-ին։

Բանավեճը թեժանալուն պես համակարգը հանկարծ վերականգնվեց փետրվարի 14-ին: Շատ թուրքեր տարակուսում են, թե ինչու այդ տեղեկատվությունը հենց այս ժամանակահտվածում մատչելի դարձավ:

«Եթե նրանք մի քանի տարի առաջ դա անեին, երբ մենք [ավելի հանդուրժող էինք դառնում], դավադրության տեսությունները չէին լինի այնքան ուժեղ, որքան այսօր, երբ պետությունը իրեն պահում է այնպես, կարծես մենք գոյութենական վտանգի տակ ենք։ Ահա թե ինչպես է Թուրքիան վերակենդանացնում Անկախության պատերազմի ոգին` հայրենասիրություն և իշխանամետ մտածողություն ներշնչելու համար»,- Al-Monitor-ին հայտնում է լրագրող Սերդար Քորուջուն:

Նրանք, ովքեր դեմ են այս համակարգին, վախենում են, որ հասարակությունն ավելի կխրվի ռասիզմի մեջ։ Մյուսները, սակայն, ասում են, որ չնայած ցնցող իրականությանը՝ այն կարող է օգտակար լինել ռասիզմի վերացման հարցում։

«Այո՛, միանշանակ: Թուրքիայում ամեն ոք հետաքրքրված է իր նախնիներով: Դա փաստ է, – ասում է Քորուջուն: – Ինչո՞ւ է այդքան դժվար իրականության աչքերին նայելը»։ Նա ասում է,որ Սաբիհա Գյոքչենի պատմությունը երկիրը տակնուվրա արեց:

2013 թ. «Ակօսը» տեղեկացրեց, որ իշխանությունները բնակչության ռեգիստրներում գաղտնի կոդավորում են փոքրամասնություններին՝ հույները՝ 1, հայերը` 2 և հրեաները` 3 թվերով: Գաղտնի այս դասակարգումը խիստ վրդովմունք առաջացրեց:

«Սակայն ավելի վատ է այն, որ այդպիսի փաստերն ի հայտ են գալիս, երբ երիտասարդներին պետք է տեղեկացնել զորակոչի մասին։ Կարճ ասած՝ կան մարդիկ, ովքեր մեզ ավելի լավ են ճանաչում, քան մենք ինքներս։ Եվ ինչո՞ւ մեզ չասեն այդ մասին»:

«Բնակչության ռեգիստրները վտանգավոր են,- նշում է սյունակագիր Բաղդատը:- Այսպիսին է իրավիճակը 100 տարի հետո: Թուրքական պետությունը մեզ խնդրել է ընդունել թուրք լինելը: Լավ, ենթադրենք, ես ասում եմ՝ ես թուրք եմ: Ինձ պետական աշխատանքի կընդունե՞ք։ Ոչ։ Երբ ասում եմ՝ «Ո՛չ, ես հայ եմ», ահաբեկիչ եմ համարվում։ Ոչինչ չի փոխվել, բնակչության ռեգիստրների բացումը ոչինչ չի նշանակում ինձ համար: Ինչպե՞ս կարող ենք մոռանալ Թուրքիայի պատմական ընկերակցության տնօրեն Յուսուֆ Հալաչօղլուի մասին: 2007թ. նա բացահայտորեն սպառնացել էր.

«Մի զայրացրեք ինձ, ես ունեմ կրոնափոխների ցուցակներ, որոնք կարող եմ բացահայտել՝ մինչև առ նրանց հասցեները»։ Այդ մարդը հետագայում դարձավ Ազգայնական շարժում կուսակցության քաղաքական գործիչ:

Արդյոք ներկայում հրապարակայնորեն հասանելի ռեգիստրների տեղեկատվությունը ամբողջակա՞ն է:

Մեկ այլ էթնիկ հայ, լրագրող Երվանդ Օզուզունը կասկածներ ունի․ «Մենք չգիտենք, թե արդյոք ինչ-որ բան փոխվել է: Գիտենք, որ ռեգիստրում ծածկագրերով են նշվել տարբեր էթնիկական ծագումները։ Մենք՝ հայերս, նշվում էինք թիվ 2 կոդով: Արդյոք սա փոխվել է: Ես այդպես չեմ կարծում»:

Կառավարության պաշտոնյաները ոչինչ չեն ասում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in ENGLSIH.

Մեկնաբանել