Նիդեռլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Նիդեռլանդների խորհրդարանը երեկ ընդունել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու օրինագիծ, որոնցից մեկով 1915թ․ տեղի ունեցածը որակվում է որպես ցեղասպանություն, մյուսով նախատեսվում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստան ուղարկել բարձրաստիճան պաշտոնյա։

Reuters-ի փոխանցմամբ՝ 150 խորհրդարանականներից օրինագծին դեմ են քվեարկել երեքը։ Լրատվականները նշում են, որ խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է էլ ավելի սրել Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները։

«Կառավարությունը չի հետևելու խորհրդարանի որոշմանը»,- ասել է արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագը։

Նա «առավելագույն զգուշության» կոչ է արել անցյալի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» որակելիս։ Կաագի խոսքով՝ «այս կառավարությունը ցանկանում է զգույշ լինել Թուրքիայի հետ հարաբերություններում»։

Էրդողանը Նիդեռլանդներին մեղադրել է Սրեբրենիցայի ջարդերն իրականացնելու մեջ

Նիդեռլանդների խորհրդարանի ընդունած երկրորդ օրինագծով որոշվել է կառավարական բարձրաստիճան պաշտոնյա ուղարկել Հայաստան ապրիլի 24-ին՝ մասնակցելու ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարայում Նիդեռլանդների գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է թուրքական կողմի դժգոհությունը Նիդեռլանդների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու օրինագծերի առնչությամբ։ Թուրքայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյն ասել է․ «1915թ․ իրադարձությունների՝ պատմական համատեքստից դուրս քաղաքականացումն անընդունելի է»։

Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները լարվեցին անցյալ տարի, երբ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ արգելվեց թուրք նախարարների մուտքը Նիդեռլանդներ՝ այնտեղ քարոզարշավ իրականացնելու համար։ Վերջերս հարաբերությունները վերականգնելու փորձերը մատնվեցին անհաջողության, և Նիդեռլանդները պաշտոնապես հետ կանչեց Թուրքիայում իր դեսպանին։

Մեկնաբանել